«Էսկալացիայի ռիսկերի նվազեցումը սկզբունքային է Հայաստանի համար». Մնացականյան

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է սահմանին հնչող ադրբեջանական կրակոցների թվին ու Փաշինյան–Ալիև հաջորդ հանդիպմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Էսկալացիայի ռիսկերի նվազեցման հարցը շատ սկզբունքային հարց է Հայաստանի համար։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին, այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Չի կարող լինել իրավիճակ, երբ շարունակվում է էսկալացիան, շարունակվում է ատելության քարոզը, և սպասել, որ դա չի կարող ազդել բովանդակության վրա։ Մենք շատ զգայուն ենք դրա նկատմամբ»,– ասաց նա։

Այդուհանդերձ, Մնացականյանն ընդգծեց, որ հրադադարի խախտման դեպքերը նվազել են։

Ադրբեջանցիները տարբեր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի գյուղերի վրա

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, նախարարը հույս հայտնեց, որ էսկալացիայի նվազեցման կամք կդրսևորի նաև Ադրբեջանը։

Հարցին, թե երբ է նախատեսվում երկու երկրների ղեկավարների հաջորդ հանդիպումը, ԱԳ նախարարը պատասխանեց. «Ես մշտապես աշխատում եմ համանախագահների հետ, անձնական ներկայացուցիչ Կասպրչիկի հետ և ոչ անպայման հանդիպումից հանդիպում։ Եվ այս ամենը ղեկավարվում է մեր ղեկավարների կողմից։ Իսկ ղեկավարների հանդիպման համար պետք է համապատասխան դաշտը ձևավորված լինի, որպեսզի մենք կարողանանք արդյունքին ուղղված հանդիպում կազմակերպել»,– ասաց Մնացականյանը։

ՀՀ և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2019թ–ի մարտին։ Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ առիթ են ունեցել միմյանց հանդիպելու հոկտեմբերի 11–ին Թուրքմենստանում։

Հիշեցնենք` Արցախի ՊՆ–ն երեկ հայտնել էր, որ վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:

«Մենք ուղերձի ենք սպասում Ադրբեջանից». Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է BBC–ի հարցերին