Եթե չմերժեր, այ դա, անշուշտ, սենսացիա կլիներ, որովհետև Սամվել Բաբայանն առաջարկում էր հանել 10 տարի Ղարաբաղում բնակվելու պայմանը և թույլ տալ, որպեսզի հայաստանցիներն էլ կարողանան առաջադրել իրենց թեկնածությունները ղարաբաղյան ընտրություններում։
Ճիշտն ասած, եթե նույնիսկ խորհրդարանն ընդուներ սահմանադրական փոփոխությունների առաջարկը, Սամվել Բաբայանը հազիվ թե կարողանար իր թեկնածությունն առաջադրել մարտի վերջին կայանալիք նախագահական ընտրություններին։ Որովհետև խորհրդարանը այդ առաջարկները առաջին ընթերցումով ընդունելուց հետո պետք է ուղարկեր Գերագույն դատարան՝ սահմանադրականությունը պարզելու։ Այդ քննարկումը, ըստ օրենք, տևում է մոտ վեց ամիս, որոշ դեպքերում նույնիսկ 9 ամիս, հետո՝ երկրորդ ընթերցում խորհրդարանում, հետո էլ հանրաքվե։ Ընտրությունների օրը հաստատ անցնելու էր։ Բա հիմա ի՞նչ։ Սամվել Բաբայանը ունի կուսակցություն ու թեև ինքը պատգամավոր էլ չի կարող լինել, պիտի ամեն ինչ անի, որպեսզի իր քաղաքական ուժը հաղթի խորհրդարանական ընտրություններում։
Երևանում այս շաբաթ, կարելի է ասել, աննախադեպ բան տեղի ունեցավ՝ մեկուկես տարվա լռությունից հետո խոսեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ Ավելի ճիշտ պարզապես պատասխանեց այն հարցին, թե արդյոք չի վախենում, որ իրեն էլ Ռոբերտ Քոչարյանի օրինակով ձերբակալեն։
Սահմանադրական դատարանի հետ կապված իրադրությունն այս շաբաթ մնաց անորոշ, դեռ մի բան էլ ավելի՝ դատարանի նախագահին քրեական մեղադրանք ներկայացվեց։
Այս շաբաթ հայտնի դարձավ, որ կառավարությունը քննարկում է վարչապետի համար նոր ինքնաթիռ գնելու հնարավորությունը։ Միանգամից էլ քննադատություն հնչեց՝ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի հարցը լուծելու ու նոր ավտոբուսներ ձեռք բերելու փոխարեն՝ մի հսկայական գումար՝ 55 միլիոն դոլար ուզում եք ծախսել վարչապետական ինքնաթիռի վրա։
Ստիպված եմ տխուր թեմայով ավարտել, որովհետև Կենդանաբանական այգում վերջին երկու օրերին կատարվածի մասին բոլորն են խոսում։ Կորցրեցինք երեք կենգուրու և երեք մուֆլոն։