Երևան–Թբիլիսի նոր ճանապարհ, մատչելի բնակարաններ մարզերում. էլ ինչ է խոստանում Վերմիշյանը

Չի բացառվում` մոտ ապագայում Հայաստանում արագընթաց տրամվայի համար ճանապարհ կառուցվի, որը սկզբում Երևանը միացնի Էջմիածնին, հետո արդեն` Արմավիրին և Թալինին։
Sputnik

Հայաստանն ի՞նչ նոր ճանապարհներ կունենա, կհասցնեն արդյո՞ք մինչև խոստացված ժամկետը 1988–ի երկրաշարժից տուժածներին բնակարաններ հատկացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս և այլ հարցերի է պատասխանել քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։ Զրուցել է Կարինե Հարությունյանը։

– Առաջիկա տարիներին Հայաստանը նոր ճանապարհներ կունենա՞, և առհասարակ ճանապարհաշինական ինչ ծրագրեր ունեք։

Գյումրու ճանապարհները կբարեկարգվեն. կառավարությունը 4.5 մլն եվրո կտրամադրի

-Առաջին հերթին մենք չունենք աշխարհի հետ մեզ կապող երկաթգիծ, ինչը լուրջ խնդիր է։ Աշխարհի հետ կապող մայրուղիները շատ քիչ են։ Ժամանակին Ստեփանավանի կայարանով 45 րոպե անընդմեջ գնացք էր գնում։ Մյուս կողմից, քաղաքաշինության մեջ իրավունք չունենք ոտքերի տակ նայել, պետք է միշտ առաջ նայենք։ Այս պահին մեզ համար կարևոր է, որ Իրան–Վրաստան նոր կառուցվող արագընթաց երկաթուղին անցնի Երևանով։ Երևանին որպես այլընտրանք քննարկվում է Թուրքիայի տարբերակը, սակայն ամեն ինչ պետք է անենք, որ այն Հայաստանով անցնի։

Բացի այդ, ունենք Երևանը Վրաստանին կապող միջպետական ճանապարհ, որը բավականին բարդ ճանապարհ է, ինչի համար էլ փորձելու ենք Երևան–Թբիլիսի նոր ճանապարհ կառուցել, որի միջոցով 2 ժամում հնարավոր կլինի Վրաստանի մայրաքաղաք հասնել։

Քննարկվում է նաև արագընթաց տրամվայի համար ճանապարհի կառուցումը, որը սկզբում Երևանը կմիացնի Էջմիածնին, իսկ հետո արդեն Երևան–Արմավիր և Երևան–Թալին ուղղություններով կգործի։

Կարծում եմ` Հայաստանում մեծ ապագա ունի նաև օդային տրանսպորտի զարգացումը։ Օդանավակայանի համար մի քանի զարգացման ծրագրեր ենք քննարկում, որը վարչապետի դատին կներկայացնենք. «Զվարթնոցը» միջազգային հաբ դառնալու լուրջ ներուժ ունի։

Երևան–Թբիլիսի նոր ճանապարհ, մատչելի բնակարաններ մարզերում. էլ ինչ է խոստանում Վերմիշյանը

– Իսկ ի՞նչ քայլեր են արվում Երևան–մարզեր համաչափ զարգացումն ապահովելու ուղղությամբ, քանի որ Երևանում նոր կառուցվող շենքի տեղ արդեն դժվարությամբ է գտնվում, իսկ մարզերում այդ առումով գրեթե ոչինչ չի արվում։

– Քաղաքաշինության ոլորտի հիմնախնդիրը տարաբնակեցումն է. ես 30 տարի բացակայել եմ երկրից ու այս ընթացքում կենտրոնացել են Երևանի վրա`պատշաճ ուշադրություն չդարձնելով մարզերին։ Մարդիկ մտածել են` ավելի լավ է` Ավանում մի շենք կառուցեն, քան Արարատում կամ Արմավիրում, քանի որ Երևանի դեպքում եկամուտն ավելի շատ կլինի։ Տարաբնակեցման խնդիրը լուծելու համար մենք հարցում ենք արել ՀՀ բոլոր մարզեր` ճշտելու, թե հիփոթեքով բնակարան գնելու ցանկություն քանիսն ունեն։ Պարզվել է` կան մի շարք երիտասարդներ, որոնք ուզում են իրենց հայրենի քաղաքում բնակարան գնել, բայց լավ առաջարկ չկա։ Մենք որոշեցինք հանրապետության բոլոր քաղաքներում շենքեր կառուցել. արդեն իսկ կան հատկացված հողակտորներ և ներդրողներ, որոնք պատրաստ են այդ գործի մեջ մտնել։ Առհասարակ, բնակարանաշինության մեծ պահանջ կա. մենք պետական հիմնարկներին հարցում ենք ուղարկել, ու պարզվել է` այդ համակարգում աշխատողներից 10 000–ը բնակարանի կարիք ունեն։

Մահափորձ, սպառնալիքներ. Վերմիշյանը պատմում է` ինչու էին ՌԴ–ում որոշ մարդիկ դժգոհում իրենից

– Ինչպե՞ս պետք է շահագրգռենք մարդկանց, որ մարզերում գնեն բնակարաններ` մարզերում նոր կառուցվելիք բնակարանների գները Երևանի համեմատ մատչելի՞ են լինելու, կամ գուցե տոկոսադրույքն է ավելի ցածր լինելու։

– Իրականում մարզերում շատերը բնակարան գնելու ցանկություն ունեն և առանձնապես նրանց խթանելու կարիք չկա։ Սակայն մյուս կողմից մարզերում նոր կառուցվելիք բնակարանների արժեքը զգալիորեն մատչելի կլինի Երևանում առաջարկածի համեմատ։ Մարզերում քաղաքներ կան, որ մեր հարցմանն ի պատասխան անգամ երկու շենքի կառուցման հայտ են ներկայացրել, օրինակ` Աշտարակը։ Ի դեպ, սահմանամերձ համայնքներում էլ` Բերդ, Իջևան, Տաշիր, կկառուցվեն նոր շենքեր։

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև 2050թ.–ը ՀՀ բնակչությունը պետք է 5 մլն դառնա. ենթադրվում է` քաղաքաշինության ոլորտում էլ անելիք կլինի։

– Երբ վարչապետն ասաց, որ մինչև 2050 թվականը պետք է բնակչության թիվը դառնա 5 մլն, հոգիս փառավորվեց։ Այո, անելիքներ շատ կան. հիմա ՀՀ բնակչության թիվը 3 մլն-ի է հասնում, իսկ ևս 2 մլն բնակչության համար անհրաժեշտ է 60 մլն քմ բնակմակերես։ Այսինքն` մինչև 2050թ. յուրաքանչյուր տարի 2 մլն նոր բնակմակերես պետք է կառուցենք։ Այս շինարարությունը պետք է սկսել օր առաջ, քանի որ յուրաքանչյուր տարվա բաց թողածը մյուս տարի պետք է լրացնել։

Վարդագույն Երևանը դարձել է մոխրագույն. նոր նախագիծը կօգնի՞ վերականգնել քաղաքի դիմագիծը

– Ձեր աշխատանքային 100 օրն ամփոփելիս հայտարարել էիք, որ 2021 թվական պետք է մտնենք առանց «աղետի գոտու շահառու» հասկացության։ Կհասցնե՞նք մինչ այդ բնակարանով ապահովել Գյումրու երկրաշարժից բոլոր տուժածներին։

Մետրոյի նոր կայարանը վարկային ծրագրով չի կառուցվելու. նախկին թաղապետի մեղադրանքն անհի՞մն է

– Ցավոտ թեմա է. այդ ուղղությամբ մենք արդեն բավական ակտիվ աշխատել ենք։ Ծրագիրն ավարտելու համար կառավարությունը հաջորդ տարի 3 մլրդ դրամ կհատկացնի, ու նոր տներ կկառուցվեն։ Այո, այդ հարցը կլուծենք այն ժամկետում, որը մեզ տրված է։ Խնդիրն այն է, որ «դոմիկները», ճիշտ է, երկրաշարժից հետո փրկություն էին, սակայն դրանք ժամանակավոր կացարան են։ Նախորդ կառավարությունը 28 տարվա ընթացքում կարող էր այդ հարցը վերջնականապես լուծել, բայց այն միշտ եղել է երկրորդական, այնքան էլ ուշադրություն չեն դարձրել դրան։

Հիշեցնենք, որ Վերմիշյանը քաղաքաշինության նախագահ է նշանակվել այս տարվա մարտին։

Այդ մարդը մի քիչ իր տեղում չէր. Քաղաքաշինության կոմիտեի նախագահը` Սարհատ Պետրոսյանի մասին