ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Ոստիկանության աշխատակից ներկայացած անձը Հայաստան արտաքսված ՌԴ քաղաքացուց խոշոր չափով գումարներ է հափշտակել` վերջինիս Ռուսաստան վերադարձը կազմակերպելու նպատակով։
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից, 2019 թվականի հոկտեմբերի 14-ին ԱԱԾ–ն հանցագործության մասին հաղորդում ստանալով ՀՀ քաղաքացուց, պարզել է, որ վերջինս արտաքսվելով Հայաստան և ցանկանալով օրինական ճանապարհով վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն, այդ հարցը կարգավորելու նպատակով Երևանում ծանոթացել է ՀՀ քաղաքացու հետ։ Վերջինը խարդախությամբ գումարներ հափշտակելու դիտավորությամբ, վստահություն ձեռք բերելու նպատակով, ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից, ցույց է տվել ՀՀ ոստիկանության համազգեստով լուսանկարը և պատրաստակամություն է հայտնել 1.000.000 ՀՀ դրամի դիմաց կազմակերպել վերջինիս վերադարձը Ռուսաստան։
Այնուհետև, տարբեր վճարումներ կատարելու պատրվակով, 2019թ.-ի սեպտեմբերի ընթացքում տուժողից պահանջել և ստացել է 41.000 ՌԴ ռուբլի և 35.000 ՀՀ դրամ, իսկ 2019թ.-ի հոկտեմբերի 15-ին՝ 1000 ԱՄՆ դոլար գումար՝ դրանով իսկ խարդախությամբ հափշտակելով խոշոր չափերով՝ 803.490 ՀՀ դրամին համարժեք գումար։
Պահանջած գումարի վերջին մասը ստանալով՝ ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո ենթադրյալ հանցագործություն կատարած անձը բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվելուց հետո խոստովանել կատարած հանցագործությունը:
Որտեղից է հրապարակվել Վանեցյանի և Խաչատրյանի գաղտնալսված զրույցը. Գրիգորյանի բացահայտումը
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թվականի հոկտեմբերի 21-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն։