Վերարկուները պատրաստեք. Սուրենյանը խոսել է առաջին ձյան մասին

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում կդիտվեն առաջին բացասական ջերմաստիճանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Նոյեմբերի առաջին օրերին հանրապետության որոշ մարզերում ձյուն կտեղա։

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև. եղանակի տեսություն

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը`հավելելով, որ նոյեմբերի 2-ին լուսադեմից սկսած Սկանդինավիայի շրջաններից հանրապետության տարածք արկտիկական ճակատ կներխուժի։

«Բոլոր մարզերում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ինտենսիվ, սպասվում է նաև քամու ուժգնացում պոռթկումները մինչև 15-20մ/վրկ։ Այն շրջաններում, որոնք գտնվում է ծովի մակերևույթից 1700մ և ավելի բարձրության վրա կտեղա առաջին ձյունը։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը բոլոր մարզերում կնվազի 8-10 աստիճանով։ Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում կդիտվեն առաջին բացասական ջերմաստիճանները, օդում -1․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան»,–գրել է Սուրենյանը։

Օգտատերերը ակտիվ մեկնաբանում են Սուրենյանի հրապարակումը։ Նրանցից շատերը սպասվող ցրտի համար մեղադրում են Սուրենյանին` հիշեցնելով նրա նախորդ գրառումներից մեկը, որտեղ Սուրենյանը նշել էր, որ իրեն Բաղդադում է զգում։ «Փաստորեն Բաղդատից եկար», «Լա՛վ էլի, Սուրենյան ջան։ Բա ասում էիք Բաղդադը հավանե՜՜լ եք», «Առավոտվանից լավ լուրեր էինք լսում...էս ինչ արեցիր»։ Գտնվել են մարդիկ, ովքեր եղանակային գրառմանը քաղաքական աստառ են տվել. «Ժողովուրդ, կապույտ սլաքը Թուրքիայի կողմից ա, զգուշանալ ա պետք»,–գրել են նրանք։