ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Այս ամոթալի որոշումն այնպիսի մարդիկ են ընդունել, որոնք պատմությունն օգտագործում են քաղաքականության համար, մեր կառավարության ու ժողովրդի համար այս որոշումը հավասար է զրոյի։
Այս մասին Twitter–ի իր էջում գրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից նախօրեին ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։
«Նրանք, որոնց ծրագրերը խախտվել են, դիմում են հին բանաձևերին: Եթե կարծում են, որ այդ կերպ վրեժ են լուծելու, սխալվում են»,- գրել է Չավուշօղլուն:
Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է նաև, որ այս որոշումը հակասում է ինչպես ամերիկյան, այնպես էլ միջազգային իրավունքին ու կասկածի տակ է դնում Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին 1948 թվականի կոնվենցիայի սկզբունքները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում քվեարկությունը կայացել է հոկտեմբերի 29-ին։ 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:
Նշենք, որ վերջին 40 տարիների ընթացքում առաջին անգամ Սպիտակ տան վարչակազմը ճնշում չի գործադրել Ներկայացուցիչների պալատի վրա Հայոց ցեղասպանության հարցում։ Ավելի վաղ բոլոր նախաձեռնությունները և բանաձևերն արգելափակվել են ու չեն հասել Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը։
Կոնգրեսական Ադամ Շիֆը հուզվել է ԱՄՆ–ի Կոնգրեսում ելույթի ժամանակ. տեսանյութ
Հիշեցնենք նաև, որ երբ Ֆրանսիայում ապրիլի 24-ը հռչակվեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր, Չավուշողլուն նույն ոճով պատասխանե էր Ֆրանսիային` նշելով, որ եթե Հայաստանը վստահ է իր վրա, ուրեմն թող ընդունի համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը։
«Ցեղասպանությունը ճանաչելով երդվում ենք` այլևս երբեք». Ջո Բայդեն