ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձևից հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սեթրֆիլդը կանչվել է արտգործնախարարություն: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում ամերիկացի դիվանագետին հայտնել են, որ Ներկայացուցիչների պալատի որոշումը որևէ վավերականություն չունի և հակասում է «երկու երկրի միջև ռազմավարական գործընկերությանը»:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից 405-ը կողմ են քվեարկել, 11-ը` դեմ:
Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես անդրադարձել է այս բանաձևին և այդ մասին գրառում արել Twitter–ում։ Նա նշել է, որ այս որոշումը հակասում է ինչպես ամերիկյան, այնպես էլ միջազգային իրավունքին ու կասկածի տակ է դնում Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին 1948 թվականի կոնվենցիայի սկզբունքները: