ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ջազի հայկական ասոցիացիայի և «Մեցցո Փրոդաքշնի» ջանքերով Հայաստան են ժամանել աշխարհահռչակ մի քանի երաժիշտներ։ Շեփորահար Ջոն Մարշալը՝ ԱՄՆ-ից, աշխարհահռչակ երգչուհի Ագաթա Իրակեման՝ Բրազիլիայից, վոկալիստներ Գրանտ Ստյուարտը և Լուսի Եղիազարյանը կմասնակցեն Yerevan Jazz Fest 2019-ին: Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց ճանաչված ջազմեն Վահագն Հայրապետյանը:
«Ջազի սիրահարներին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 19.00-ին, սպասելու ենք Արամ Խաչատրյանի համերգասրահում, որտեղ Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ համերգ կտա, որին ինձնից բացի կմասնակցեն լեգենդար շեփորահար Ջոն Մարշալը, երգչուհի Ագաթա Իրակեման»,-ասաց Հայրապետյանը:
Ջազմենը տեղեկացրեց, որ նոյեմբերի 1–ին նույնպես ֆանտաստիկ համերգ է սպասվում «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում, որտեղ ելույթ կունենան «Վահագն Հայրապետյան և ընկերներ» խումբը, վոկալիստներ Գրանտ Ստյուարտը, Լուսի Եղիազարյանը և իհարկե շեփորահար Ջոն Մարշալը:
Հայտնի հայ ջազմենները վերադառնում են Հայաստանը վերամիավորելու. «Վարդան Հովսեփյան» տրիոն
Համերգի ընթացքում կներկայացվի նաև ջազի մասին առաջին հայկական անիմացիոն ֆիլմը:
Հայրապետյանը պատմեց, որ լեգենդար շեփորահար Ջոն Մարշալի հետ իրենց համագործակցությունը սկսվել է 2017 թվականին: Նրանք վերջերս մեծ համերգային տուր են ունեցել ողջ Եվրոպայում:
Փաշինյանը տիկնոջ ու դստեր հետ մասնակցել է ջազի տոնին. լուսանկարներ
Ի դեպ, հայ շեփորահարների համար Մարշալը նոյեմբերի 2-ին, ժամը 12։00-ին, Հայաստանի պետական ջազ նվագախմբի փորձասրահում վարպետության դաս կանցկացնի:
Ասուլիսին ներկա Ջոն Մարշալը նշեց, որ շատ ուրախ է Հայաստան ժամանելու համար, որտեղ բազմաթիվ երաժիշտ ընկերներ ունի: Ասաց` Հայաստանի մասին շատ բան չգիտի, միայն համացանցում հետաքրքիր տեսանյութեր է տեսել, որոնցից տեղեկացել է երկրի մասին: Կարծում է` հայ հանդիսատեսը կվայելի ճաշակով երաժշտությունը և գոհ կմնա:
Ջազ, օպերա և Պուշկին. Սթենլի Քլարկը Երևանում պատմեց իր նոր ու մեծ նախագծի մասին
Աշխարհահռչակ երգչուհի Ագաթա Իրակեմանը պատմեց, որ իր հայրը երաշժիշտ է եղել և իր ողջ մանկությունն անցել է երաժշտության ուղեկցությամբ: Իրակեմանը Հայաստանն ասոցացնում է Շառլ Ազնավուրի և Տիգրան Համասյանի հետ:
Ասուլիսին ներկա էր նաև երգչուհի Լուսի Եղիազարյանը, որը Հայաստան է ժամանել իր փեսացուի՝ Գրանտ Ստյուարտի հետ:
Լուսին ծնունդով Արմավիրից է: Մոտ 20 տարի առաջ տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սկսել է երգել և արդեն երկրպագուների մեծ բանակ ունի: Ասում է`իրեն 1950-60–ականների ջազն է հոգեհարազատ։
«Նյու Յորքում թեպետ մեծ հայկական համայնք չկա, բայց ես այնտեղի ակումբներում երգելով` մեծ ճանաչում եմ ձեռք բերել և ուրախ եմ, որ այսօր Հայաստանում եմ»,-ասաց Լուսին` հավելելով, վերջերս լույս է տեսել իր առաջին ձայնասկավառակը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին քառակի գրեմմիակիր բաս կիթառահար Սթենլի Քլարքի համերգով մեկնարկեց ամենամյա միջազգային ջազ փառատոնը՝ Yerevan Jazz Fest 2019-ը: