«Թող ձերբակալեն». Սերժ Սարգսյանը խոսել է իր հնարավոր ձերբակալության մասին

ՀՀ երրորդ նախագահը նաև ասել է, որ շուտով անկեղծ և պարզ զրույց կունենա Հայաստանի քաղաքացիների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 Հոկտեմբեր — Sputnik. Եթե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ձերբակալությունը Հայաստանում լուրջ խնդիրներ լուծի, ապա վերջինս դեմ չէ այդ ձերբակալությանը։ Այս մասին նա հայտնել է «Անդրանիկ Մարգարյանի» քաղաքական դպրոցի շրջանավարտների վկայականների հանձնման արարողության ժամանակ։

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը վերականգնել է պետությանը պատճառած վնասը

«Եթե իմ ձերբակալությունից մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե դրանից հետո «Մարտի 1-ի», «Հոկտեմբերի 27-ի» գործերն ամբողջովին կբացահայտվեն, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, Լեռնային Ղարաբաղի բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն»,- ասել է նա։

Նա նաև ասել է, որ հնարավոր ձերբակալությունից չի վախենում, փոխարենը վախենում էր 1988-ին «Լեռնային Ղարաբաղը կորցնելուց» և վախենում է հիմա` «անպատասխանատու պոպուլիստների` Հայաստանի շուրջ տարվող կործանարար քաղաքականությունից»։

«Եթե իմ բացակայությունը հասարակությունից կնպաստի, որ տնտեսական հեղափոխությունը շատ մեծ թափ ստանա և հայրենադարձների հոսքը Հայաստան այնքան մեծանա, որ մենք դրանով ուղղակի կհպարտանանք, թող ձերբակալեն», – ընդգծել է Սարգսյանը։

Հայաստանի երրորդ նախագահը հիշեցրել է, որ ավելին կասի այն ժամանակ, երբ պարզ և անկեղծ զրույց կունենա Հայաստանի քաղաքացիների հետ։

«Իսկ այդ զրույցի ժամկետը մոտենում է», – եզրափակել է նա։

Հիշեցնենք` Սերժ Սարգսյանը 2018-ին վերսկսված Մարտի 1-ի դատական գործում դեռևս միայն վկայի կարգավիճակ ունի։

Ի՞նչ կապ ունի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հրաժարականը Սերժ Սարգսյանի փեսայի հետ

Սերժ Սարգսյանը 2008-2018 եղել է Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը։ Դրանից առաջ նա զբաղեցրել է երկրի վարչապետի, պաշտպանության նախարարի պաշտոնները։

2018-ի ապրիլի 17-ին Ազգային ժողովը Սերժ Սարգսյանին ընտրեց վարչապետ, ինչը բողոքի ալիք բարձրացրեց` նպաստելով Թավշյա հեղափոխությանը և իշխանափոխությանը։

Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելուց հետո, երկրում ձերբակալությունների շղթա սկսվեց` ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանից մինչև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան։