Որտե՞ղ կկառուցվի մետրոյի նոր կայարանը. Երևանի փոխքաղաքապետի պատասխանը զարմացրել է

Մետրոյի կայարան են ուզում կառուցել հենց Հրազդանի կիրճում։ Իսկ Աջափնյակ վարչական շրջանում, որտեղ ի սկզբանե նախատեսված էր կառուցել մետրոյի կայարան, մտադիր են կառուցել խոշոր առևտրի կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Երևանում մետրոյի նոր կայարան կկառուցվի Հրազդանի կիրճում։ Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։

Նոր ժետոններ և այլ անակնկալներ. Երևանի մետրոն աշխատանքի նոր ռիթմ է խոստանում

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կայարանի շինարարությունը ֆինանսավորելու մասին բանակցություններ են ընթանում խոշոր մասնավոր ներդրողների հետ։ Ներդրողը պատրաստվում է կայարանի հարևանությամբ կառուցել մեծ առևտրի կենտրոն։ Միայն այդ պայմանով է նա պատրաստ ֆինանսավորել նախագիծը, այնուհետև` մետրոյի նոր կայարանի շինարարությունը։

Երևանի մետրոն կաշխատի պլաստիկ քարտերով ու բջջային հավելվածներով

Ներդրողն արդեն Երևան է հրավիրել մետրոյի շինարարների, որոնք ուսումնասիրել են «Բարեկամություն» կայարանի թունելի մուտքը դեպի Հրազդանի կիրճ, ինչպես նաև տեղանքը` Հրազդան գետի վրայով կամուրջ կառուցելու համար։

«Սկզբից մենք նախագիծ կկազմենք, հետո կքննարկենք բիզնես մոդելը և ձեռնամուխ կլինենք շինարարությանը։ Հուսանք, որ մյուս տարի արդեն որոշակի աշխատանքներ կարվեն», – հայտարարեց փոխքաղաքապետը։

Կայարանի գտնվելու վայրի մի քանի տարբերակներ արդեն քննարկվել են։ Այն հարցին, թե արդյունքում որ տարբերակը կարող են ընտրել, Սարգսյանն անսպասելի պատասխան տվեց` բացառված չէ, որ կայարանը կկառուցեն հենց կիրճում` երկաթուղային կամրջի վրա։

Մետրոյի նոր կայարանը վարկային ծրագրով չի կառուցվելու. նախկին թաղապետի մեղադրանքն անհի՞մն է

Այն հարցին, թե ում է պետք կիրճում մետրոյի կայարանը, Սարգսյանը հակադարձեց. «Այդտեղից կարելի է շարունակել արդեն Աջափնյակի ուղղությամբ»։

Նա խորհուրդ տվեց նախագծի մանրամասները ճշտել Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանից։

Այսպես թե այնպես, ապագա կայարանի համար աշխատանքի կեսից ավելին արդեն արված է. թունել է կառուցվել դեպի կիրճ, իսկ հակադիր ափին` Աջափնյակի շրջանում, արդեն կառուցվել է ապագա կայարանի նախասրահը։

Նշենք, որ Երևանում մետրոն կառուցվել է ընդհուպ մինչև ԽՍՀՄ փլուզումը։ Դրանից հետո աշխատանքները դադարեցվել են և երբեք չեն վերսկսվել, թեև անցած տարիներին մայրաքաղաքում իրականացրել և իրականացնում են ավելի ծախսատար նախագծեր (օրինակ` Երևանից դուրս շրջանցիկ ճանապարհի վրա կծախսեն ավելի քան 100 միլիոն դոլար)։