Փաշինյանը հրահանգել է, որ դրոշի պատճառով աշխատանքից հեռացված տղամարդուն վերադարձնեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է` վեց ամիսը բավարար ժամանակ էր, որ բոլորը հետևություններ անեին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել է կրկին աշխատանքի ընդունել մաքսային ծառայող Հայկ Մարտիրոսյանին, որին աշխատանքից ազատելու հրահանգը տվել էր այս տարվա ապրիլի 9-ին։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Սիրելի հայրենակիցներ, բոլորդ հիշում եք, որ ս/թ ապրիլի 9-ին Երևանի ավտոմաքսատանը ունեցած այցելության ընթացքում հրահանգեցի աշխատանքից ազատել մաքսային մի ծառայողի (հետագայում պարզվեց, որ նրա անունը Հայկ Մարտիրոսյան է)՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով: Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել եմ Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել ՊԵԿ համակարգում, բնականաբար՝ համաձայնությամբ: Կարծում եմ՝ այս ժամանակահատվածը բավարար էր բոլորիս համար՝ տվյալ իրավիճակի վերաբերյալ պատշաճ հետևություններ անելու համար»,– գրել է նա:

Փաշինյանը նշել է, որ ապրիլից այսկողմ բազմիցս համոզվել է, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքի ստանդարտներ սահմանելու խնդիր կա. սկսած պետական դրոշի տեխնիկական ստանդարտներից (ինչպիսին պետք է լինի հանդիսավոր միջոցառմանը տեղադրված պետական դրոշը, աշխատանքային միջավայրում տեղադրված դրոշը, բացօդյա տեղադրված պետական դրոշը և այլն) շարունակած նրա տեղադրման արարողությունով ու նրա նկատմամբ վերաբերմունքով:

Փաշինյանի աչքից հեռու. Երևանում «սխալ» դրոշների պակաս չկա. ո՞ւմ են ազատելու աշխատանքից

Վարչապետը նշել է, որ առաջիկայում պատրաստվում է այս թեմայով կոնկրետ հանձնարարություններ տալ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 9-ին Նորագավիթի ավտոմաքսատանը շրջայցի ընթացքում տեսել էր, որ անկյունում դրված է Հայաստանի դրոշը` կեղտոտ վիճակում, և բարկացած կարգադրել էր բոլորին ազատել աշխատանքից։

Երկու օր անց` ապրիլի 11-ին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողներին հայտնել էր, որ ՀՀ վարչապետի այցից ու հայաստանյան դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ նրա նկատողությունից հետո աշխատանքից ազատվել է ոչ միայն մաքսատան տվյալ աշխատակիցը, այլև տվյալ վարչության պետը։