ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի Էրզրում նահանգի Հորասան շրջանի Յազըլըթաշ գյուղում գտնվող և Վանի (Արարատյան) հայկական թագավորության արքա Մենուային վերագրվող մոտ 3 հազարամյա ուրարտերեն սեպագիր արձանագրությունը վտանգված է: Գանձագողերը փորձել են այն կոտրել բրիչով, գրում է ermenihaber–ը։
Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում
Աթաթուրքի համալսարանի պրոֆեսոր Ալփասլան Ջեյլանը նշել է, որ պատմական կոթողը գանձագողերի կամ վանդալների կողմից կարող է ամեն պահի պայթեցվել, ուստի պատկան մարմիններին կոչ է արել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել:
«Մեր պատմությունը մեր ձեռքով ոչնչացնելու մեկ այլ ձև է սա: Այն, ինչը չի կարող անել թշնամին, մենք մեր ձեռքերով ենք անում: Սա ոսկի որոնելու համար են անում: Այս արձանագրության վերջին տողում գրված է. «Ով ոչնչացնի այս գրությունը, թող արժանանա աստվածների անեծքին»: Ժայռի հետնամասում ոսկի չկա»- ասել է Ջեյլանը:
Ալփասլան Ջեյլանը 1998 թվականից զբաղվում է հետազոտական աշխատանքներով: Այցելելով Յազըլըթաշ գյուղ` նա ականատես եղել պատմական գրավոր հուշարձանի նկատմամբ վանդալիզիմի դրսևորմանը:
Շիրակի սեպագիր անձնագրի պատճենը՝ ճապոնական թթենու թղթի վրա. հայտնի գեղագիր Նագաոկայի նվերը
Ըստ պրոֆեսորի՝ դա կարող է անել կա՛մ գանձագողը, կա՛մ էլ մարդիկ, որոնք ցանկանում է ջնջել պատմության հետքերը՝ նշելով, որ նախորդ այցի ժամանակ արձանագրությունները բրիչով կոտրված չեն եղել:
Նշենք, որ Մենուայի թողած այս արձանագրությունում ներկայացվում են արքայի նվաճողական արշավանքները: