«Նաիրի Հունանյանին տեսակցելու ոչ մի ցանկություն չունեմ». նախարար

Արդարադատության նախարարը ո՛չ Նաիրի Հունանյանին է ուզում տեսնել, ո՛չ էլ նրա եղբորը` Կարեն Հունանյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Հոկտեմբերի 27»–ի գլխավոր ոճրագործ Նաիրի Հունանյանի տեսակցելու ցանկություն չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բադասյանը։

«Եթե Նաիրի Հունանյանն արժեքավոր տեղեկություններ ունի, ապա դա պետք է հետաքրքրի իրավապահներին, ոչ թե ինձ։ Ես, համենայն դեպս, նրան տեսնելու ոչ մի ցանկություն չունեմ»,–ասաց նա։

Նախարարը նշեց նաև, որ Հունանյանի եղբորը` Կարեն Հունանյանին, ևս չի ուզում հանդիպել։

«Կարծում եմ` այդ ստահակն ասելիք ունի». Արմեն Սարգսյանը` Նաիրի Հունանյանի մասին

Հիշեցնենք, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը սեպտեմբերի 11–ին դիմում էր ներկայացրել` վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով, քանի որ օրենքով դատապարտվելուց 20 տարուց անց ցմահ դատապարտյալներն իրավունք ունեն դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար։

Վարչապետին սպանեցին, պետք է շուտ լուր տալ. լրագրողները հիշում են հոկտեմբերի 27-ի դեպքերը

Սեպտեմբերի 19-ին Քրեակատարողական ծառայությունը, իսկ հոկտեմբերի 23-ին Պրոբացիայի ծառայությունը Հունանյանի դիմումի առնչությամբ ներկայացրել էին բացասական զեկույց: Հաշվի առնելով 2 ծառայությունների ներկայացրած զեկույցների բացասական լինելու հանգամանքը՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը հոկտեմբերի 28-ին որոշել էր Հունանյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցը դատարան չներկայացնել։

Այս որոշումը կարող է բողոքարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան որոշումը ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

«Նա խոսի չխոսի, պետք է մինչև կյանքի վերջը նստի». Ստեփան Դեմիրճյանը` Նաիրի Հունանյանի մասին

1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ,  ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։

2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։

Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։