ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1970թ. ծնված կնոջը՝ մարդուն սեռական շահագործման ենթարկելու, ինչպես նաև նույն արարքը անչափահասի նկատմամբ կատարելու համար: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Արագածոտնի մարզի 48–ամյա բնակչուհին 2018 թվականի օգոստոսին տեղեկանալով, որ երեք փոքրահասակ երեխաների հետ անօթևան մնացած կինը բնակության վայր է փնտրում, աշխատանքով ապահովելու պատրվակով նրան և նրա երեք անչափահաս երեխաներին տեղափոխել է իր տուն, ապա վերցրել անձնագիրն ու նրա կամքին հակառակ, սպառնալիքների ներքո դրդել է զբաղվել մարմնավաճառությամբ:
«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տանից դուրս հանելու սպառնալիքներ տալու, ինչպես նաև նրա կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու՝ ծեծի ենթարկելու միջոցով, մինչև 2018թ. դեկտեմբերի կեսերը հարկադրել է գրեթե ամեն օր ինչպես իր տանը, այնպես էլ տարբեր մարզերում գտնվող հյուրանոցային համալիրներում սեռական հարաբերություններ ունենալ իր կողմից մատնանշած տարբեր տղամարդկանց հետ, վերջիններիցս անձամբ ստանալով գումարները՝ տնօրինել է դրանք»,–ասվում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
Անչափահաս երեխաների մայրն այս մասին ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել 2019թ.–ի մայիսին։
Գիշերվա ժամին անչափահաս երեխային թրաֆիքինգի են ենթարկում. նախարար
Օրեր անց կրկին նույն կնոջ կողմից շահագործման ենթարկելու դեպքի վերաբերյալ հաղորդում է տվել անչափահաս մեկ այլ բնակչուհի:
Քննչական կոմիտեն պարզել է, որ տեղեկանալով ծնողի հսկողությունից դուրս մնացած 16 տարին լրացած աղջկա կողմից աշխատանք փնտրելու ցանկության մասին, կինը գայթակղելով մոլորության մեջ է գցել վերջինիս և մինչև 2019 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, ինչպես իր տանը, այնպես էլ տարբեր հյուրանոցային համալիրներում, կազմակերպելով հանդիպումներ տարբեր տղամարդկանց հետ, պոռնկության շահագործման է ենթարկել աղջկան և ինքնուրույն տնօրինել սեռական ծառայության դիմաց վճարված գումարները:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 48-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի (Մարդու թրաֆիքինգը և սեռական շահագործումը) 1-ին մասով և 132.2-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն: