ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է կանխել այդ սարսափելի հանցագործության կրկնությունը։ Այդ մասին Twitter–ում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մեծամասնության առաջնորդ, դեմոկրատ Սթենի Հոյերը։
«Ես ասել եմ մամուլին, որ Ներկայացուցիչների պալատն այսօր քվեարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի շուրջ։ Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսային մասում առաջացնում են ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի մեր դաշնակիցների լուրջ մտահոգությունը։ Պալատը քվեարկություն կանցկացնի նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի վերաբերյալ, ինչը կարևոր քայլ է, որը կօգնի կանխել Ցեղասպանության կրկնությունը», – գրել է նա։
Ավելի վաղ կոնգրեսական Դևին Նունյեսը կոչ է արել կոնգրեսի անդամներին և Թրամփի վարչակազմին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
«Ես կոչ եմ անում Կոնգրեսի բոլոր անդամներին, ինչպես նաև Թրամփի վարչակազմին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը` որպես 20–րդ դարի ամենադաժան հանցագործություններից մեկը», – գրել է նա Twitter–ում։
Քիմ Քարդաշյանն ուզում է Հայոց ցեղասպանության ճանաչումն իր առաքելությունը դարձնել
Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը փակ ընթացակարգով օրակարգ մտցնելու հարցը։