ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. 2020թ.–ի համար Հայաստանում կանխատեսվող նվազագույն գնաճը կլինի 2.5 տոկոսի սահմանում, առավելագույնը` 4 +/-1.5 տոկոս։ Այս մասին այսօր ԱԺ–ում, 2020թ.–ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։
«Ցածր գնաճը մեզ հնարավորություն տվեց թիրախավորել գնաճային սպասումները։ Շատ կարևոր է, որ մեր բնակչության մոտ գնաճային սպասումները գրեթե վերացել են։ Սա բավականին լավ միջավայր է տնտեսական աճ ունենալու համար։ Այն գործողությունները, որոնք իրականացնում է կառավարությունը և այն պոտենցիալը, որ կուտակվում է մեր գործառույթներում, վկայում է, որ այս տարի էլ մենք կունենանք ավելի լավ ցուցանիշներ, քան նախատեսում ենք, և ես վստահ եմ, որ նույնը կլինի նաև հաջորդ տարի»,– ասաց Ջավադյանը։
ԿԲ նախագահը չհերքեց, որ հնարավոր է վարել ավելի ագրեսիվ դրամավարկային քաղաքականություն` գնաճն ավելի շատ զսպելու ուղղությամբ։ Բայց դա, նրա խոսքով, հղի է անկանխատեսելի հետևանքներով։
Գների կայունության առումով, Արթուր Ջավադյանի խոսքով, ԿԲ–ն իր ներկա քաղաքականությամբ էլ որևէ խնդիր չի տեսնում։
Խոսելով ԿԲ վարչական ծախսերի մասին` Արթուր Ջավադյանը նաև շեշտեց, որ ԿԲ աշխատակիցների աշխատավարձերը վերջին 5 տարիների ընթացքում չեն ավելացել, այն դեպքում, երբ ՀՀ բանկային համակարգում աշխատավարձերն ավելացել են 8 տոկոսով։
Նշենք, որ 2019թ.–ի համար Կենտրոնական բանկը նույնպես 4 +-1.5 % 12-ամսյա գնաճի թույլատրելի միջակայք էր սահմանել։