ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Նոր իշխանությունը որևէ կաշկանդվածություն չունի «Հոկտեմբերի 27»-ը բացահայտելու առումով և որևէ կասկածներ չի հարուցում, որ շահագրգռված է գործի բացահայտմամբ: Այս մասին, այսօր Եռաբլուրում, հոկտեմբերի 27–ի ոճրագործությունից 20 տարի անց, լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ, Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայր Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ «Հոկտեմբերի 27»-ի գործն իսկապես քաղաքական ենթատեքստ ունի, և մի անգամ արդեն քաղաքական դատավարություն եղել է, բայց տարբեր մարդիկ, տարբեր նպատակներով դատավարությունն արագ անցկացրել են: Այդ պատճառով դատավարության արդյունքները չեն բավարարել որևէ մեկին:
«Հիմա այնպիսի իրավիճակ է, որ ներկայիս քաղաքական գործընթացներին հեռուստացույցով հետևում է նաև գլխավոր հանցագործը (Նաիրի Հունանյան-խմբ.), որն իր մեկուսարանում ենթադրություններ և եզրակացություններ է անում»,-ասաց Սարգսյանը և հավելեց, որ յուրաքանչյուր հանցագործ ժամանակի ընթացքում մտածում է, թե ինչպես է իրեն ձեռնտու գործարք կնքել և օր առաջ դուրս գա բանտից:
Նրա խոսքով` նման հանցագործության գնացած ստահակը, ամեն ինչի ընդունակ է։ Սարգսյանը չի բացառում, որ Նաիրի Հունանյանը հիմա, իմանալով, որ իր կողքի խցում է նստած ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կփորձի օգտվել դրանից և որոշակի բաներ ասել, որը կարող է լինել ճշմարտություն կամ սուտ և որոշակի շահեկան վիճակում հայտնվել:
Ստեփանյան. «Եթե «Հոկտեմբերի 27»-ը կազմակերպված էր, ուրեմն արմատները շատ խորն են»
Արամ Սարգսյանը կարծում է, որ «Հոկտեմբերի 27»-ի նման բարդ դատավարությունները պիտի տեղի ունենան այնպիսի ժամանակաշրջաններում, երբ դատաիրավական համակարգն ամբողջությամբ ձևավորված կլինի և կունենա հանրային լուրջ վստահություն , երբ պետությունն իսկապես ուժեղացած կլինի:
Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։
2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։
Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։
Պաշտոնապես բացահայտված այս հանցագործությունն առ այսօր հանրության մեջ բազում հարցականներ է առաջացնում, որոնք դեռ պատասխան չունեն։