«Լինում են հանցագործություններ, որոնք բացահայտվում են 30-40 տարի անց». Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անգամ չի ուզում լսել, որ Նաիրի Հունանյանին կարող են վաղաժամ ազատել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. «Հոկտեմբերի 27»-ի գործով դատապարտվածներ կան, և գործի քննությունն ավարտված է: Եթե ժամանակի ընթացքում նոր փաստեր ի հայտ գան, միգուցե գործում փոփոխություններ լինեն: Այս մասին այսօր Եռաբլուրում, հոկտեմբերի 27–ի ոճրագործությունից 20 տարի անց,լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: 

Նոր իշխանությունը կաշկանդվածություն չունի «Հոկտեմբերի 27»-ը բացահայտելու հարցում. Սարգսյան

«Ես առաջին շահագրգռվածներից եմ և ուզում եմ, որ հոկտեմբերի 27-ի դեպքը բացահայտվի, եթե, իհարկե, չի բացահայտվել: Եթե գործում կան չբացահայտված հանգամանքներ, ապա դրանք էլ կբացահայտվեն»,-ասաց Տոնոյանը և հավելեց, որ լինում են հանցագործություններ, որոնք բացահայտվում են 30-40 տարի հետո, և հոկտեմբերի 27-ը անհնար է չբացահայտվի:

Լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատագրման դիմումին, Տոնոյանն անգամ չցանկացավ լսել` պարզ արտահայտելով իր վերաբերմունք այդ լուրերին:

Ստեփանյան. «Եթե «Հոկտեմբերի 27»-ը կազմակերպված էր, ուրեմն արմատները շատ խորն են»

Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ,  ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Վարչապետին սպանեցին, պետք է շուտ լուր տալ. լրագրողները հիշում են հոկտեմբերի 27-ի դեպքերը

Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։

2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։

Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։

Պաշտոնապես բացահայտված այս հանցագործությունն առ այսօր հանրության մեջ բազում հարցականներ է առաջացնում, որոնք դեռ պատասխան չունեն։