ՌԱԴԻՈ

Հակոբյան. «Կարծում եմ, որ հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի»

Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի հիմնադիր տնօրեն, ԱԺ նախկին 4 գումարումների պատգամավոր Ռուբեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին իրականացված ոճրագործությանը:
Sputnik
Հակոբյան. «Կարծում եմ, որ հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի»

Ռուբեն Հակոբյանի կարծիքով՝ տեղի ունեցածը նախադեպը չունեցող հանցագործություն էր, որը լրջորեն հարվածեց մեր պետությանն ու պետականությանը, և որ այն մեր նոր պետականության ճակատին դաջված խարան է, որը միշտ կմնա: Նա մինչև վերջերս կարծում էր, որ այդ ոճրագործությունն ամբողջությամբ բացահայտված է, սակայն այժմ գտնում է, որ պետք է հոկտեմբերի 27-ի գործը վերաբացվի: Նույնիսկ իշխանական մամուլում է նշվում, որ հանցագործությունն ամբողջությամբ բացահայտված չէ, և շրջանառության մեջ են դրվում տարբեր վարկածներ:

Վարչապետին սպանեցին, պետք է շուտ լուր տալ. լրագրողները հիշում են հոկտեմբերի 27-ի դեպքերը

Մի կողմից՝ ժողովրդի որոշ մասի մոտ կա կասկած, որ ինչ-որ բան թաքցվել է: Մյուս կողմից՝ այդ օրը տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ: Եթե իրավական առումով կա գործը վերաբացելու հնարավորություն, ապա հանցագործությունը պետք է ամբողջությամբ բացահայտել, պետք է բոլոր դետալները մանրազնին, մասնագիտորեն ու թափանցիկ քննարկել, որպեսզի ժողովրդի մեջ որևէ կասկած չմնա:

«Ես վերջինն էի, որ ահաբեկիչների պահանջով հանդիպեցի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նախագահին փոխանցեցի նրանց մտածմունքները: Նրանք մտավախություն ունեին, որ ուժայինները կարող էին գրոհել խորհրդարանի շենքը, ուստի ասացին, որ եթե Քոչարյանը չգա իրենց հետ հանդիպման, ապա շենքից կենդանի մարդ դուրս չի գա: Ռոբերտ Քոչարյանին ասացի, որ ուշացումը կարող է լինել ճակատագրական, իսկ նա պատասխանեց, որ մտածում են այդ մասին և զգուշացնելու կարիք չկա: Դրանից հետո, անվտանգությունից ելնելով, ինձ թույլ չտվեցին վերադառնալ դահլիճ»,- վերհիշում է Ռուբեն Հակոբյանը:

Նա առանձնահատուկ կերպով ընդգծում է այն հանգամանքը, որ այդուհանդերձ իրենք կարողացան ժամանակ շահել ու մեղմել իրավիճակը՝ խուսափելով նոր սպանություններից, որովհետև ահաբեկիչների սկզբնական ագրեսիվությունը քառասուն րոպե անց արդեն անցել էր, և նրանց և դահլիճի միջև ստեղծվել էր որոշակի կոնտակտ, ինչն էլ թոթափել է լարվածությունը: