«Արարատը»` «Փյունիկի» դեմ․ ինչպես հասարակ ֆուտբոլային խաղը ստիպեց հիշել սպարապետին

Նույնիսկ շատ մեծ ջանքերով հասարակ ֆուտբոլային հանդիպման կազմակերպիչները հազիվ թե կարողանային համատեղել այսքան շատ խորհրդանիշներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Մինչ Հայաստանի ղեկավարությունը և շարքային քաղաքացիները հարգում էին հոկտեմբերի 27-ի ողբերգության զոհերի հիշատակը, հայկական ֆուտբոլի աշխարհում տեղի ունեցավ մի իրադարձություն, որն ուրիշ օր կարելի էր համարել շարքային սպորտային դրվագ։ Բայց ոչ հոկտեմբերի 27-ին։ Հենց այդ օրը 1999թ-ին խորհրդարանում տեղի ունեցավ ահաբեկչություն, որի զոհերից մեկը դարձավ վարչապետ Վազգեն Սարգսյանը։

Ի՞նչ էր կատարվում 99–ի հոկտեմբերի 27-ին և դրանից հետո. 20–ամյա ողբերգության տեսախրոնիկա

Բայց վերադառնանք սպորտին։ Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում «Արարատի» և «Փյունիկի» միջև Հայաստանի առաջնության 12-րդ տուրի շրջանակում։ «Արարատը» 4։2 հաշվով հաղթանակ տարավ։

Բանն այն է, որ հանգուցյալ վարչապետը շատ էր սիրում ֆուտբոլ խաղալ։ Նա ավարտել էր Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը։ Հարցազրույցներից մեկում ասում է, որ երազել է խաղալ «Արարատի» կազմում։

Այսօր Վազգեն Սարգսյանի սիրելի «Արարատը» խաղացել է «Փյունիկի» հետ։ Հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած Վազգեն Սարգսյանը երազում էր հզոր հայկական պետության վերածննդի մասին։ Հայաստանի պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ այն ընդունակ է վեր հառնել մոխրից` առասպելական փյունիկ թռչունի նման, որի անունը կրում է այսօր «Արարատի» դեմ խաղացող ֆուտբոլային թիմը։

Վարչապետին սպանեցին, պետք է շուտ լուր տալ. լրագրողները հիշում են հոկտեմբերի 27-ի դեպքերը

Հոկտեմբերի 27-ի ողբերգության մասին այսօր ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ ասվել է։ Բարձրագույն ղեկավարությունը, զոհերի հարազատները հարգանքի տուրք են մատուցել զոհվածներին։ «Եռաբլուր» պանթեոնում հնչել են ափսոսանքի և սփոփանքի խոսքեր։

Բայց հազիվ թե այս ամենը համեմատվի այդքան մեծ իմաստ և ուղերձ պարունակող իրադարձության հետ, որ կրում էր երկու ֆուտբոլային թիմերի միջև առաջին հայացքից սովորական թվացող հանդիպումը։ Շնորհակալություն, տղաներ։ Դուք ճիշտ եք հասկացել սպարապետին։ Իսկ խաղը գոլառատ էր և դիտարժան։ Շնորհակալություն նրա սիրելի թիմին` 4:2 հաշվով հաղթանակի համար։