Հարությունյանի հարցաքննությունից հրապարակված հատվածներն իրականության հետ աղերս չունեն. ՀՔԾ

ՀՔԾ–ն հորդորում է զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածելուց ու հանրությանը կոչ է անում դրանք չընդունել որպես հավաստի տեղեկություններ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հարցաքննությունից հրապարակված հատվածները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հատուկ քննչական ծառայությունը։

«Իրականության հետ աղերս չունի այն, որ իբր Հարությունյանն ասել է` Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի յուրացում չէր կարող լինել, ամեն ինչ կատարվել է օրենքով: Իսկ ՀՔԾ քննիչները Հարությունյանի ցուցմունքը դասախոսություն են որակել»,–նշված է ՀՔԾ հաղորդագրության մեջ։

ՀՔԾ–ն հորդորում է զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածելուց ու հանրությանը կոչ է անում դրանք չընդունել որպես հավաստի տեղեկատվություն:

Գագիկ Հարությունյանի ցուցմունքի որոշ մանրամասներ հայտնի են. «Ժողովուրդ»

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթն այսօր գրել էր, որ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հարցաքննության ժամանակ ասել է, թե հրաժարականի դիմումը գրել է մարտի 1-ին, բայց այն ԱԺ է հանձնվել մարտի 2-ին:

Ըստ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության` Հարությունյանի` ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին դիմումը ՍԴ աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018–ի մարտի 5-ին, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի հիշյալ դիմումը, 2018 թ. մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ:

Ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը. ինչ կապ ունի Գագիկ Հարությունյանը

Ի դեպ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ի երեկոյան` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հիմնավորման համաձայն` պաշտոնական անձինք, որոնց թվում նաև Բաբայանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։