ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik, Գոռ Մարգարյան․ Այս շաբաթ պարզվեց, որ սմարթֆոնները կարելի է նույնիսկ երկու տակ ծալել, Apple-ի պաշտոնական կայքի տված տեղեկություններն այդքան էլ հավաստի չեն, իսկ 5G-ն «դորդուբեշ» չարած՝ մարդկությունն արդեն ձգտում է 6-րդ սերնդի բջջային ցանցին։
Երկտակ ծալվող սմարթֆոն
Huawei-ի ու Samsung-ի ներկայացրած ծալվող սմարթֆոնները հերիք չէին, այս շաբաթ մեկն էլ ավելացավ։ Բայց ի տարբերություն վերոնշյալ գաջեթների, նոր սարքի դիզայնը յուրահատուկ է և մեկ ծալվող հատվածի փոխարեն ունի նման երկու հատված։
Չինական TCL ընկերության արտադրած սմարթֆոնը կարողանում է երեք մասի բաժանվել, որոնք, այսպես ասած, դարսվում են իրար վրա։ Այս մասին հայտնում է gizmochina-ն։
Սա ծալվող սմարթֆոն է, բայց նման չէ մինչ այս ներկայացված նմանատիպ սմարթֆոններից որևէ մեկին։ Այն նույնիսկ նման չէ այս տարի կայացած World Mobile Congress-ի շրջանակում նույն TCL ընկերության ցուցադրած ծալվող սմարթֆոնի նախատիպին, որն աշխատում էր DragonHige համակարգով։
Կրկնակի ծալվող սմարթֆոնն ունի DragonHige համակարգ և թիթեռ-հոդ, ինչի օգնությամբ էլ սարքը ծալվում է հանդիպակաց ուղղություններով։ Հուսանք, որ սա թիթեռին միայն արտաքնապես նման կլինի և միջատի պես մեկ օրվա կյանք չի ունենա։
Ամբողջովին ծալված լինելու դեպքում սարքը նմանվում է լավ կերած-խմած սմարթֆոնի, իսկ բացված վիճակում օգտատերերը կարող են ստանալ 10-դյույմանոց էկրան։
Սա դեռ նախատիպ է և սմարթֆոնի վերջնական տեսքը չէ, բայց ամենայն հավանականությամբ հենց այսպես էլ սարքը դուրս կգա վաճառքի։ Չինական ընկերությունը ծալվող սմարթֆոնի տարատեսակ ձևեր է ուսումնասիրում։ MWC 2019 միջոցառմանը ընկերությունը ներկայացրել էր ծալվող սմարթֆոնի 5 տեսակ։
iPhone-ից «պրծում» չկա
CNET պարբերականի լրագրողները մի շարք հետազոտություններ են անցկացրել, որպեսզի պարզեն, թե որքանով է Apple-ը նախկին մոդելների համեմատ բարելավել իր նոր սմարթֆոնի ջրադիմացկունությունը։
Apple-ի պաշտոնական կայքում նշված է, որ iPhone 11-ը կարող է 30 րոպե դիմանալ 2 մետր խորություն ունեցող ջրում, իսկ Pro տարբերակը կարելի է սուզել մինչև 4 մետր։ CNET-ի լրագրող Լեքսի Սավիդեսը որոշել է առաջին հերթին երկու մոդելներն էլ իջեցնել հենց 4 մետր խորության վրա։
Իր թեստերում iPhone 11 և 11 Pro սմարթֆոններն անհրաժեշտ խորության հասցնելու համար լրագրողն օգտագործել է Sofar Ocean Technologies ընկերության Trident անօդաչու սարքը։
Հետո որոշել են սմարթֆոններին «լողացնել» 8 մետր խորության վրա։ Եվ ի՞նչ։ Միակ խնդիրը, որը գրանցել է Սավինդեսը, այն է, որ սմարթֆոնների բարձրախոսների հզորությունը նվազել է:
Վերջին փորձի ընթացքում սմարթֆոնները հայտնվել են 12 մետր խորությունում, բայց դրանք այս փորձությունը հաղթահարել են նույն հաջողությամբ, ինչպես նախորդ երկուսը։
Փորձարկումներից 72 ժամ հետո Լեքսի Սավիդեսը ևս մեկ անգամ ստուգել է երկու սմարթֆոնների բոլոր գործառույթների աշխատունակությունը և պարզել, որ սարքերը, բացառությամբ բարձրախոսների, նորմալ աշխատում են։
5G, տեղ ազատիր, 6G-ն է գալիս
Այս տարի 5G-ն անում է իր առաջին քայլերը աշխարհի տարբեր հատվածներում։ Բազմաթիվ երկրներում 5-րդ սերնդի բջջային կապը հասանելի կլինի միայն մի քանի տարի հետո, բայց 6G-ի ուղղությամբ տարվող նախնական աշխատանքներն արդեն մեկնարկել են։
Սպասվում է, որ հաջորդ տարի արդեն 5G-ի համբավը կսկսի աճել արագ տեմպերով, ընդ որում ցանցը պիտի որ իր գագաթնակետին հասնի 2025 թվականին։ Իսկ մինչ աշխարհը սրտատրոփ սպասում է 5G-ին, Vivo ընկերությունը 6G-ի հետ կապված պատենտավորման հայց է ներկայացրել։ Այս մասին հայտնում է gizchina-ն։
Սա իր մեջ չի պարունակում հաջորդ սերնդի բջջային ցանցի աշխատանքի տեխնիկական բնութագրի մասին տեղեկություններ։ Խոսքն ընդամենը 6G ցանցերի համար նախատեսված լոգոտիպի դիզայնի նախատիպի մասին է, որը գրանցվել է ԵՄ մտավոր սեփականության գերատեսչությունում։
Չնայած նրան, որ 6G-ի թողարկումը սպասվում է միայն 2030 թվականին, Vivo-ն որոշել է պատենտավորել տարբերանշանի սեփական տարբերակը, ամենայն հավանականությամբ կարծելով, որ ընկերությունը կարող է ներգրավվել նոր ստանդարտի ներդրման գործընթացում։
Ավելի վաղ Huawei ընկերությունը հայտարարել էր, որ 6G տեխնոլոգիաների մշակումը կտևի մոտ 10 տարի:
Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում շաբաթվա ընթացքում այլ իրադարձություններ էլ են տեղի ունեցել, որոնց մասին մենք արդեն գրել ենք, այնպես որ խորհուրդ կտամ կարդալ ևս մի քանի լուր, որոնք չեն վրիպել մեր աչքից։