ՌԻԱ Նովոստիին ու Sputnik-ին տված հարցազրույցում Մարիա Բուտինան խոսել է իր ապրումների, ծրագրերի ու մորն ուղղված խնդրանքի մասին։
- Մարիա, մի քանի ժամ է, ինչ լքել եք ԱՄՆ-ն մեկուկես տարի ազատազրկումից հետո։ Արդեն գիտակցո՞ւմ եք, որ ամեն ինչ ավարտվել է։
– Այնպիսի տպավորություն է, ասես կյանքս երկու մասի է բաժանվել։ Ասես այն, ինչ եղել է, ինձ հետ չի պատահել։ Կարծում եմ՝ դա ինձ փրկեց, երբ ինձ կալանավորել էին։ Ինձ թվում է` այժմ ամեն ինչ միայն դրական ուղղությամբ է գնալու։ Ասես դրախտում լինեմ։ Ամեն ինչ այնքա՜ն լավ է։
– Ինչպե՞ս անցկացրեցիք այս օրը, որը Ձեզ համար վերջինն էր բանտում։
– Ամեն ինձ ստացվեց ծրագրածին հակառակ։ Ինձ թուղթ էին տվել, որի վրա գրված էր, որ ինձ առավոտյան ժամը ութին տանելու են։ Բնականաբար, ինձ ժամը ութին չտարան. տարան ժամը վեցին, մինչև նախաճաշը։
Բոլորին բաժիններում փակել էին։ Ինձ տարան մթության միջով։ Հինգ ամիս ընդհանուր ռեժիմով էի ապրել։ Տարան դրամարկղ, վերադարձրին գումարս կոպեկ առ կոպեկ, տասնմեկ ցենտ էլ ավել տվեցին. ամեն ինչ կատարյալ էր։ Կանխիկով։ Դոլարով։ Ծրարի մեջ դրեցին ու ասացին․ «Մարիա, դրեք Ձեր գրպանը»։ Ամեն ամսվա դիմաց ինձ հաջողվել էր 28 դոլար 80 ցենտ վաստակել։
Բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե ամերիկյան բանտը դրախտ է, ասեմ, որ` ոչ։ Ամերիկյան բանտը դժոխք է։ Ու դա ստրկություն է, քանի որ դու չես կարող հրաժարվել աշխատելուց։ Եթե հրաժարվես` մեկուսարան կուղարկեն։
Հետո տարան, նորից վանդակում փակեցին։ Նախաճաշ խնդրեցի, փաթիլներ (хлопья) տվեցին։ Նույնիսկ նախաճաշ նախատեսված չէր։
– Իրերից ի՞նչ թողեցին վերցնեք։
Հետս մի քանի գիրք ու մի քիչ ընկուզեղեն վերցրի, քանի որ չգիտեի՝ կերակրելու են, թե ոչ։ Ու ճիշտ արեցի, քանի որ միայն ինքնաթիռում նորմալ կերակրեցին։
Երկրի մասին կարելի է դատել` ելնելով այն բանից, թե ինչպես են այնտեղ վերաբերվում դատապարտյալներին։ Ամերիկան իր դատապարտյալներին վատ է վերաբերվում։ Ի՞նչ խոսք կարող է լինել օտարների մասին։ Էլ ավելի վատ։
– Առաջին միտքը, երբ երկարատև ընդմիջումից հետո առաջին անգամ առանց թիկնապահների ու հսկողության հայտնվեցիք ինքնաթիռում։
– Փակեցի աչքերս ու շնորհակալություն հայտնեցի Աստծուն։ Պարզապես աղոթեցի։
– Ինչպե՞ս են տանը պատրաստվել Ձեր վերադարձին։
– Մայրս վաղուց է սկսել պատրաստվել հանդիպմանը։ Ճաշացանկի վերաբերյալ ամեն ինչ ճշտել է ինձանից։ Անկեղծ ասեմ. խոսում էի նրա հետ այդ թեմայով, բայց իրականում կարևոր չէ՝ ինչ եմ ուտելու կամ ինչ եմ հագնելու։
Բայց կարծում եմ՝ միասին ծրագրեր կազմելը շատ կարևոր էր և՛ ինձ, և՛ նրա համար։ Մոր համար կարևոր է իմանալ, որ դուստրը վերադառնալու է։ Այնպես որ, այդ պատրաստությունները հոգեբանորեն կարևոր էին։ Ինձ համար էլ։ Գիտեի, որ այդ օրը կգա, բայց վախենում էի մտածել դրա մասին, քանի որ ինձ բազմիցս խաբել էին։
– Ձեր գալու կապակցությամբ հարազատներից ինչ-որ բան խնդրե՞լ էիք։
– Բանտում ամեն հինգշաբթի հավի օր էր։ Ու ամեն հինգշաբթի պայքարում էինք, քանի որ հավի ոտքերը շատ փոքր են, իսկ մենք ուտել էինք ուզում։ Ու դա միակ իսկական միսն է, որ տալիս են այնտեղ։
Մորս ասացի․ «Մամ, երբ գամ, խնդրում եմ՝ հինգ հատ հավ առ ու ջեռոցում պատրաստիր։ Սխտորով, ինչպես հարկն է։ Հինգն էլ կուտեմ»։
Մեկ էլ բանաններ։ Բանանն Ամերիկայում քիչ է։ Միայն տոն օրերին էին տալիս։ Այնպես որ` հավ ու բանան։
– Ի՞նչ եք պատրաստվում անել Ռուսաստանում առաջին օրերի ընթացքում։
– Ինչ պատահի։ Դժվար է ծրագրեր կազմել. պետք է մտքերս ի մի բերեմ, քնեմ երևի։ Ադրենալինի ու միջավայրի փոփոխության պատճառով դեռ շատ լարված եմ։
Միայն ծնողներիս հետ եմ հանդիպելու։ Միակ միտքը հիմա ու կալանավորման ժամանակ՝ ինչպե՞ս են նրանք։ Որքան էլ ինձ համար սարսափելի լիներ, նրանց համար ավելի սարսափելի է եղել։ Նրանց համար շատ ավելի դժվար էր նորությունների վազող տողից իմանալ, որ իրենց դստերը կալանավորել են։ Ամենաշատը նրանց համար էին մտածում։
Եվ հետո` որքան էլ որ սարսափելի լինեին իմ պայմանները, երևակայությունը սահմաններ չունի։ Ամենասարսափելին այն էր՝ ինչ էին պատկերացնում ծնողներս, երբ ես կալանավորման մեջ էի։
Ուրախ եմ, որ տուն եմ վերադառնալու։ Մի քանի օր Մոսկվայում կմնամ ու Բառնաուլ կվերադառնամ։
– Այս 18 ամիսների ընթացքում ի՞նչն էր ամենադժվարը։
– Ծնողներից մեկուսացված լինելը։ Երբ չէին թողնում՝ զանգեմ նրանց։ Երբ շաբաթական մեկ անգամ կամ ավելի հաճախ լսում էի հարազատ ձայնը, դա ինձ համար մի ամբողջ շաբաթվա հոգևոր սնունդ էր։
– Բանտում ի՞նչ էիք աշխատում։
– Կամավոր էի։ Դասավանդում էի մաթեմատիկա։ Սովորեցնում էի այն մարդկանց, ովքեր ունեին դրա կարիքը։ Ամերիկայում մեր կենտրոնացված քննությունների նման քննություն կա։ Բանտում գտնվողների մեծ մասն ընդհանրապես կրթություն չունի։ Մեր փոքր ու միջին դասարանների աշակերտն ավելի շատ գիտի, քան այնտեղի 30-40–ն անց կանայք։ Նրանք անգամ բաժանում–բազմապատկում չգիտեն։ Բոլոր ուսանողներս հանձնեցին քննությունը։ Իրենցից շատ էի ուրախացել, քանի որ եթե հանձնում ես այդ քննությունը, քո ամեն տարուց յոթ օր հանում են։ Դա մեծ բան է։
–Ինչի՞ համար են կրճատել Ձեր ժամկետը։
– Կրթության ու լավ վարքի համար կրճատեցին։ Ընդհանրապես ոչ մի իրավախախտում չունեի։ Ավելի շատ սպորտով էի զբաղվում, աշխատանքի էի գնում։
Աման լվանալու սենյակում էի աշխատում, կերակրամատուցման գծի վրա։ Բեռնաթափում էինք սառեցրած հավի բեռնատարները։
– Ինչպե՞ս էիք փրկվում մենությունից։
– Գրաֆիկ էի կազմում։ Չխենթանալու համար շատ հագեցած ծրագիր պետք է ունենաս, ամեն ժամդ պետք է զբաղված լինի։ Հենց թուլանում ես ու սկսում մտածել, խճճվում ես. բա որ հանկարծ, ինչ կլինի, եթե...
Հոգևոր բնույթի շատ գրականություն ունեի։ Նաև ինքս ինձ առաջադրանք էի տվել․ ուսումնասիրում էի սրբանկարչությունը, հայտնի սրբանկարների, ներկերի տեսակների մասին գիրք ունեի։ Շատ եմ սիրում արվեստը։ Երեկոյան դասական գրականություն էի կարդում։
Վերընթերցեցի ռուսական դասական գրականություն՝ Չեխով, Լերմոնտով, Դոսվոևսկի։ Դասականներին բոլորովին այլ կերպ ընկալեցի։
Եվ սպորտ։ Օրական 90 րոպե։ Ինձ համար ծրագիր էի մշակել. շաբաթական երեք անգամ վազում էի, ամեն օր` մարզվում։ Դա իսկապես փրկություն էր։
– Վիրավորվա՞ծ եք Ամերիայից, ամերիկացիներից։
– Ոչ։ Կարծում եմ՝ ամերիկացիներն այսօր ավելի շատ խղճահարության են արժանի, քանի որ նրանք կորցնում են իրենց երկիրը։ Նրանց մոտ արդարադատության համակարգ գոյություն չունի։
Նրանց մոտ բարգավաճում է ռասիզմը։ Այլ ազգության լինեի, ոչ ոք չէր էլ նայի իմ ուղղությամբ։ Բայց ես ռուս եմ։