ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելելու է Հայաստան. ի՞նչ է ստորագրելու նա

Հայ-ռուսական իրավապայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ աշխատանքները շարունակական բնույթ ունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերին այցելելու է Հայաստան: Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Այժմ այցի կազմակերպման շուրջ աշխատանքներ տարվում են: Հայ-ռուսական իրավապայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ աշխատանքները կրում են շարունակական բնույթ»,–ասաց Նաղդալյանը։

Ռուս զինվորականներն արդեն այցելել են ՀՀ–ում գործող լաբորատորիաներ. Փաշինյանի խորհրդական

«Կոմերսանտ» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Լավրովի այցի ընթացքում ստորագրվելու է հուշագիր, որը ռուսաստանցի մասնագետներին թույլ է տալիս մուտք գործել Պենտագոնի փողերով Հայաստանում ստեղծված կենսալաբորատորիաներ:

Մեկ այլ աղբյուր թերթին հաստատել է, որ փաստաթղթի տեքստը պատրաստ է և միջգերատեսչական համաձայնեցման գործընթաց է անցնում: Կենսալաբորատորիաներ կկարողանան այցելել Ռուսաստանի առողջապահության և պաշտպանության նախարարությունների մասնագետները:

Պատասխանելով կոնկրետ կենսալաբորատորիաների հետ կապված փաստաթուղթ ստորագրելու մասին հարցին` Նաղդալյանն ասաց, որ նախքան փաստաթղթերի ստորագրումը դրանց բովանդակության վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի կարող անել:

Հայաստանի գիտական ինստիտուտները կֆինանսավորվեն ըստ արդյունավետության

ԱՄՆ փողերով արդիականացված լաբորատորիաները, որոնք իրականացնում են կենսաբանական հետազոտություններ, ուսումնասիրում են վիրուսներն ու շտամները, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում: