«Մենք ուղերձի ենք սպասում Ադրբեջանից». Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է BBC–ի հարցերին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը BBC Hard Talk հաղորդման ժամանակ խոսել է Լեռային Ղարաբաղի կարգավորման ուղիների և անցյալում կատարվածի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը հետապնդում է զարգացման օրակարգ, համախմբման օրակարգ և չի կարող դուրս թողնել Արցախի ժողովրդին. դա համահայկական օրակարգ է:

Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը` BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդման ժամանակ` պատասխանելով Սթիվըն Սակուրի` Արցախի վերաբերյալ հարցին։

Հայաստանի ԱԳՆ–ն պատասխանել է Մամեդյարովին

Լրագրողը մեղադրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` նշելով, որ երբ նա հայտարարեց. «Ղարաբաղը Հայաստանն է, և վերջ», հասկանում էր, որ դա շրջանցում է միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի և բոլոր միջազգային անկախ մարմինների դիրքորոշումը, և որ ինքը դժվարանում է որակել այդ ժեստը որպես խաղաղությանն ընդառաջ քայլ:

«Հայաստանի օրակարգը, համահայկական օրակարգը վերաբերում են նաև Արցախին: Մենք մի ազգ ենք, որը, լինելով Հայաստանի Հանրապետության տարածքում, միաժամանակ ունի համաշխարհային ընդգրկում»,–ասում է Մնացականյանը և հավելում, որ միջազգային իրավունքի շրջանակներում Արցախը տարածք է, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները:

Լրագրողի սադրիչ հարցին, թե հայ ժողովուրդն ապրում է այդ տարածքում, բայց այդ տարածքը հայկական չէ, Զոհրաբ Մնացականյանը բացասական պատասխան է տվել և հավելել, որ Լեռնային Ղարաբաղում բնակվում են մեր հայրենակիցները, որոնց անվտանգության մասին մենք հոգ ենք տանում։ «Մենք նրանց անվտանգության միակ երաշխավորն ենք, սակայն մենք հանձնառու ենք խաղաղ կարգավորմանը, որի շրջանակում Արցախի կարգավիճակը և անվտանգությունը մեր հիմնական առաջնահերթություններն են: Մենք հանձնառու ենք խաղաղ կարգավորմանը. մենք երբեք չենք շեղվել այդ խաղաղ կարգավորման գործընթացից:

Լրագրողի` հայկական բանակը շատ լուրջ խախտումների մեջ մեղադրող հարցին ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ նա մի փոքր խեղաթյուրում է պատմությունը:

«Հայաստանը, հայերը, Հայաստան պետությունը հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորը: Այն, ինչ մենք ունենք, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովում է»,–կրկնել է Մնացականյանը:

Զախարովան մեկնաբանել է Զատուլինի այցը Արցախ

Լրագրողի հիշեցմանը, թե 1995թ. արված «Human Rights Watch»-ի զեկույցն ասում է, որ հայկական ուժերը` ՀՀ աջակցությամբ, պատասխանատու էին պատերազմի ընթացքում իրականացված չարաշահումների մեծամասնության համար, իսկ 2017 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 12 վճիռ կայացրեց Հայաստանի վերաբերյալ, դրանցից 11-ում նշվում է, որ երկիրը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ դա առաջ շարժվելու մաս է:

«Գիտեք, 90-ականների սկզբին մի իրավիճակ էր ստեղծվել, երբ Լեռնային Ղարաբաղի բնակչության 40%-ը բնաջնջված էր, Լեռնային Ղարաբաղի տարածքի 40%-ը զավթված, և այդ ժամանակ եղել են չարաշահումներ, եղել են ամենազարհուրելի բռնություններ: Մենք ունեինք իրավիճակ, երբ Ադրբեջանի կառավարությունը գնաց ավելի հեռու՝ հերոսացնելով հային սպանողի: Ոչ վաղ անցյալում ստեղծվեց մի իրավիճակ, երբ 2016թ-ի ապրիլին Ադրբեջանը կրկին փորձեց ագրեսիա իրականացնել Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչը միայն ավելի է ուժեղացնում մեր անվտանգության զգացումը ներկայումս: Անդրադառնալով ձեր կոնկրետ հարցին ՝ այո, ես ընդունում եմ, որ մենք պետք է բոլորս միասին առաջ շարժվենք: Բոլորս: Սակայն յուրաքանչյուր կողմ պետք է կառուցողական կերպով ներգրավված լինի: Հենց սա ի նկատի ուներ վարչապետը «բոլորի համար ընդունելի լուծում» ասելով: Մենք ուղերձի ենք սպասում Ադրբեջանից, որը կփոխադարձի մեզ, որպեսզի այդ ոգով հիմք ստեղծվի առաջ շարժվելու համար»,–ասել է նախարարը:

Երազելը շատ լավ բան է, թող երազի. Դավիթ Տոնոյանը պատասխանում է Ադրբեջանի ՊՆ–ին

Զոհրաբ Մնացականյանը հիշեցրել է, որ մեզ հաջողվել է ձևավորել որոշակի վստահություն, որի շնորհիվ այս մեկ տարվա ընթացքում հրադադարի խախտման դեպքերը նշանակալիորեն նվազել են: Նա նշել է, որ մենք լիովին կենտրոնացած ենք այն պահպանելու և ամրապնդելու վրա, և դա մեր առաջնահերթություններից է, այն է, ինչի վրա կենտրոնացել ենք և ինչի շուրջ շարունակել ենք աշխատել ադրբեջանական կառավարության, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 6–ին, Ստեփանակերտում, Համահայկական ամառային VII խաղերի բացմանը նվիրված հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր` «Արցախը Հայաստան է և վերջ»։