ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանն աշխատել է քրեակատարողական վարչությունում և չի պատկերացրել, որ հնարավոր է կալանավայրում հայտնվի` դռան մյուս կողմում։ Այս մասին ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 23–ին հայտնաբերվել էր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին` գլխին հրազենային վնասվածքով։
«Հարությունյանն աշխատել է կալանավայրում` դռան հակառակ կողմում, և չի պատկերացրել, որ կարող է դռան մեկ այլ կողմում հայտնվի։ Բացի այդ, Հարությունյանը հոգեբանորեն պատրաստ չէր գալ ու պատասխանել այնպիսի հարցերի, որոնք իր համար ցանկալի չէին»,–ասաց Քոչարյանը` հավելելով, որ հենց այդ պատճառով էլ Հարությունյանը եկել է լսումներին, բայց դռան մոտից հետ գնացել։
Քոչարյանի խոսքով` Հարությունյանը խնդիր ուներ նման` փակ միջավայրում հարցերին պատասխանելու, քանի որ, եթե ներս մտներ ու փակ դռների հետևում շփվեր հանձնաժողովի հետ, շատ հարցերի պետք է պատասխաներ։
Պաշտպանության նախկին նախարարը մեկնել է Հայաստանից
Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ նախկին ոստիկանապետը քննվել է Մարտի 1–ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հանձնաժողովում, որտեղ ասել է`այդ օրերին եղել է շտաբում, որի որոշումները կատարել են ուժային կառույցները և ոչ միայն։
«Հայկ Հարությունյանը հոգեբանորեն պատրաստ չէր գալ ու պատասխանել այնպիսի հարցերի, որոնք իր համար ցանկալի չէին։ Նա մարդկայնորեն շատ ծանր էր տանում, որ լինելով այդ պաշտոնը զբաղեցրած անձնավորություն, կատարել է ինչ–ինչ գործողություններ, օրինակ, ուժի անհամաչափ դրսևորում»,–ասաց նա։
Անդրանիկ Քոչարյանը նշեց նաև, որ պետք է հասկանալ նաև Հայկ Հարությունյանը սպանվե՞լ է, թե՞ ինքնասպան եղել։ Նրա խոսքով` Մարտի 1–ի գործով վկաները կա՛մ փախնում են, կա՛մ դժբախտ դեպքեր են լինում նրանց հետ։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ Հարությունյանի մահվան գործով առանցքային վկան հեռացել է Հայաստանից: Նախքան մեկնելը վկան նախաքննական մարմնին հայտնել է, որ ընդամենը մի քանի օրով է մեկնում: