Գյումրեցի կնոջը սպանած ռուս զինծառայողի դատը հետաձգվեց

Գյումրիում ընթացող Անդրեյ Ռազգիլդեևի նախորդ դատական նիստը կրկին դատախազի բացակայության պատճառով չէր կայացել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործով դատական նիստը կրկին հետաձգվեց: Այս անգամ դատախազն էր  միջնորդություն ներկայացրել նիստը հետաձգելու վերաբերյալ:

Դատարանի մուտքի մոտ լրագրողներին հայտնեցին, որ նիստի հետաձգման պատճառներն ավելի ուշ կտեղադրվեն dataLex.am տեղեկատվական կայքում:

Գյումրեցի կնոջը սպանած ռուս զինծառայողի դատը սկսվում է

Նշենք, որ նախորդ դատական նիստը, որը նշանակված էր  սեպտեմբերի 6-ին, կրկին դատախազի բացակայության պատճառով չէր կայացել:

Հիշեցնենք, որ Անդրեյ Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի դեկտեմբերի 2-ին, ժամը 07-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով, Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում հետևել է Աճեմյան փողոցի 26-րդ շենքի 12-րդ բնակարանի բնակիչ, 02.12.1961 թվականին ծնված Ջուլիետտա Ստյոպայի Ղուկասյանին:

Գյումրեցի կնոջ դաժան սպանությունը բացահայտված է. զինծառայողը խմած է եղել

Ջուլիետտա Ղուկասյանը, խուսափելով Անդրեյ Անդրեևիչ Ռազգիլդեևից, փոխել է իր քայլերի ուղղությունը և գնացել նույն փողոցի 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող սեփական տների ուղղությամբ, որտեղ էլ Անդրեյ Անդրեևիչ Ռազգիլդեևը, հասնելով նրան, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել գլխին և մարմնի տարբեր մասերին`  անզգուշությամբ առաջացնելով Ջուլիետտա Ստյոպայի Ղուկասյանի մահը։ Վերջինս դեպքի վայրից ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն, որտեղ նույն օրը, ժամը 11:30-ին, մահացել է: