Բազմիցս եղել եմ Նաիրի Հունանյանի խցի մոտ, բայց երբեք ներս չեմ մտել. Մարուքյան

Հունանյանի` վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքի բավարարման համատեքստում պետք է քննարկվի` հանրությունը պատրաստ է նման մարդուն հետ ընդունել, թե ոչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Հոկտեմբերի 27»–ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանի հետ հանդիպելու ցանկություն չի ունեցել և չունի։ Այս մասին Մարուքյանն ասաց խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ։

Նաիրի Հունանյանի համար կա մի քանի սցենար. նախարար

«2002–2012 թթ. եղել եմ ՀՀ արդարադատության նախարարության` ՔԿՀ–ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ։ Այսինքն` Հունանյանի հետ անարգել հանդիպելու հնարավորություն եմ ունեցել։ Բազմիցս եղել եմ Նաիրի Հունանյանի խցի մոտ, բայց երբեք ցանկություն չեմ ունեցել նրան տեսնելու»,–ասաց նա։

Մարուքյանի խոսքով` եղել են դեպքեր, որ մամուլում գրել են, թե Հունանյանը խցում չէ, և Մարուքյանն անցել է խցի մոտով` տեղեկությունը ստուգելու համար, սակայն երբեք ներս չի մտել։

Պատգամավորը նշեց` Հունանյանը դահիճ է, դահիճների պարագլուխ, նման մարդու հետ հանդիպի, որ ի՞նչ անի։

«Բազմաթիվ հարցեր ունեմ Նաիրի Հունանյանին». Արման Աբովյան

«Նաիրի Հունանյանի` վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքի բավարարման համատեքստում դեռ պետք է քննարկվի` հանրությունը պատրա՞ստ է նման մարդուն հասարակություն հետ ընդունելու։ Ես վստահ եմ, որ նման բան տեղի չի ունենա։ Իսկ ով ուզում է հանդիպել Հունանյանի հետ, իր անձնական հարցն է»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ «Հոկտեմբերի 27»–ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը սեպտեմբերի 11–ին դիմում էր ներկայացրել` վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով, քանի որ դատապարտվելուց 20 տարի անց ցմահ դատապարտյալներն իրավունք ունեն դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար։

Դիմումը քննվելու է 80–օրյա ժամկետում։ Հունանյանը պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։