Բացի Հունանյանից, «27»–ի գործով ևս երկու դատապարտյալ ազատման դիմում են գրել

Նաիրի Հունանյանից առաջ դիմումներ են գրել նաև նրա հանցակից ընկերներից երկուսը։ ՔԿԾ–ն Sputnik Արմենիային մանրամասներ է ներկայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված անձանցից Նաիրի Հունանյանը, պարզվում է` միակը չէ, որ դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Խելագարվե՞լ է արդյոք Կարեն Հունանյանը. ՔԿՀ պատասխանը

Նրա խոսքով` առաջին անգամ հանցախմբի 2 անդամ պայմանական վաղաժամկետ ազատվելու խնդրանքով դիմել են 2017թ.–ին, և երկուսն էլ մերժում են ստացել։

Դիմումատուները եղել են Աշոտ Կնյազյանն ու Դերենիկ Բեջանյանը։

Բանն այն է, որ  մինչ Քրեական օրենսգրքի փոփոխությունը կալանքի 1 օրը հաշվվում էր 1.5 օր: Հետևաբար, «Հոկտեմբերի 27»-ի գործով դատապարտյալների ազատազրկման 20 տարին, նախաքննական կալանքի ժամկետի հետ հաշվարկած, լրանում էր 2017թ.–ին։

«Երկրորդ անգամ Աշոտ Կնյազյանը դիմել է 2019թ.–ի ապրիլի 16-ին։ Քրեակատարողական ծառայությունն ու Պրոբացիայի ծառայությունը նրա վերաբերյալ բացասական  զեկույցներ են ներկայացրել, որոնց արդյունքում դիմումը մերժվել է»,– ասաց Նոնա Նավիկյանը։

Նաիրի Հունանյանը, հիշեցնենք, շուրջ 1 ամիս առաջ է դիմում ներկայացրել պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու խնդրանքով։

1999թ.–ի ԱԺ անդամների սպանությունը. ՀՔԾ–ն չի զբաղվում ԱԱԾ-Հունանյան կապերը ստուգելով

Նման իրավունք ցմահ դատապարտյալին տալիս է Քրեական դատավարության օրենսգրիրքը` 20 տարի ազատազրկման մեջ մնալուց հետո։

Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը, Հունանյանի դիմումին պատասխանելու համար օրենքով տրվում է 80–օրյա ժամկետ, որի ընթացքում երկու պետական կառույցներ` ՔԿԾ–ն ու Պրոբացիայի ծառայությունը, պետք է  հարցի շուրջ իրենց եզրակացությունները ներկայացնեն։

«Պրոբացիայի ծառայությունը պաշտոնական ծանուցումը ստանալուց հետո՝ 80 օրվա ընթացքում, կազմում և ներկայացնում է դատապարտյալի պատշաճ վարքագիծը և նրա կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող հանգամանքների վերաբերյալ զեկույց: Տվյալ պարագայում Պրոբացիայի ծառայությունը պաշտոնական ծանուցումը ստացել է սեպտեմբերի 13-ին: Ծառայությունը նշված ժամկետում կներկայացնի զեկույց, որից հետո քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կկայացնի համապատասխան որոշում»,– Sputnik Արմենիային հայտնեցին Արդարադատության նախարարությունից։

«Եթե Նաիրի Հունանյանն ասելիք ունի...». Անդրանիկ Քոչարյանը խոսել է «Հոկտեմբերի 27»-ի մասին

Ի դեպ, նշենք, որ հոկտեմբերի 23-ին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ԱԺ–ում հայտարարել էր, որ ՔԿՀ–ն արդեն բացասական եզրակացություն է տվել Հունանյանին ազատ արձակելու առաջարկին, ինչը նախարարին առիթ էր տվել ենթադրելու, որ Պրոբացիայի ծառայությունը ևս բացասական եզրակացություն է տալու։