ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայերը և հրեաները առանձին–առանձին շատ բան կարող են անել, միասին` գրեթե ամեն ինչ։ Հիշենք թեկուզ շախմատը. Միխայիլ Մոտվիննիկի կինը հայ էր, Տիգրան Պետրոսյանի կինը` հրեա, Գարի Կասպարովը և Լևոն Արոնյանը ծնվել են հայ–հրեական ընտանիքներում։ Եթե նման տանդեմներում հավաքվում են ֆիզիկոսներ, ապա նրանցից չեն թաքնվի անգամ տիեզերքի սև խոռոչները։
«Մենք շարունակում ենք ուսումնասիրել բարձր էներգիաների մասնիկները։ Ցրելով և բախման մեջ դնելով դրանք` մենք փորձում ենք հասկանալ, թե այդ բախումներն ինչպիսի օրինաչափություններով են տեղի ունենում տիեզերքում, կարելի է արդյոք ստանալ սև խոռոչների նյութը և ուսումնասիրել այն», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սերգեյ Գլեյզերը` Ալաբամայի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսորը։ Նա Երևան էր ժամանել FAST 2019 միջազգային գիտատեխնիկական համաժողովին մասնակցելու։
Գլեյզերը Մեծ ադրոնային կոլայդերում գիտափորձերի մասնակից է։ Դա տարրական մասնիկների ամենախոշոր արագացուցիչն է աշխարհում և գտնվում է CERN Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնում։ Այստեղ Գլեյզերը ղեկավարում է մեքենայական ուսուցման խումբը, ինչպես նաև ընդգրկվել է գիտնականների այն թիմի մեջ, որոնք գիտափորձերով ապացուցել են Հիգսի բոզոնի գոյությունը, ինչը դարձել է վերջին տարիներին ֆիզիկայի ոլորտում ամենաաղմկահարույց բացահայտումներից մեկը։ Նա այդ թիմում հայտնվել է ֆիզիկոս Վազգեն Հակոբյանի օգնությամբ, ում մասին կպատմենք հոդվածի վերջում։
Այդ գիտափորձերը պահանջել են մշակել տվյալների ահռելի ծավալ։ Դրա համար համակարգիչներն աշխատում են բարդագույն ալգորիթմներով, որոնք կազմվում են Գլեյզերի ղեկավարությամբ։
Այդ աշխատանքների նպատակներից մեկն է պարզել սև խոռոչի էությունը։ Այն ուղղակիորեն անհնար է ուսումնասիրել (դրա համար էլ սև է)։ Սև խոռոչից ինչ-որ հեռավորության վրա անցնող լույսի ճառագայթը շեղվում է դրա ձգողականությունից։
Մարգարյանի գալակտիկաները, կամ ինչպես էին հայերը յուրացնում տիեզերքը
Սովորական, ոչ սև տիեզերական նյութը նույնպես ձգում է լույսը։ Բայց, առաջին հերթին սև խոռոչի գրավիտացիան ավելի մեծ է, երկրորդ` սև խոռոչը ոչ մի ազդեցություն չի գործում գրավիտացիայից բացի։ Մնացած դեպքերում այն «խուլ ու համր» է, համենայն դեպս` առայժմ։
Բայց տեսականորեն այն կարող է բաժանվել տարրական մասնիկների (ճիշտ է, ոչ միանգամից, այլ մի քանի միլիոն ու միլիարդ տարիների ընթացքում)։ Դրա համար իրենց տեսություններն են առաջարկել ականավոր գիտնականները` խորհրդային ֆիզիկոս Յակով Զելդովիչը և ամերիկյան գիտնական Սթիվեն Հոքինգը։
«Սև խոռոչների մասին իմ դիսերտացիան առաջին աշխատանքներից էր CMS գիտափորձի կոլայդերի շրջանակում։ Այնտեղ ես փորձեցի վերլուծել, թե ինչպես սև խոռոչը կարող է բաժանվել կոլիմացված լեպտոնների, մյուոնների կամ էլեկտրոնների», – պարզաբանեց Գլեյզերը։
Ֆիզիկոսները ցանկանում են կոլայդերում արագացնել այդ մասնիկները մինչև այնպիսի էներգիաների, որոնց դեպքում դրանք, հնարավոր է, գոյություն ունեն սև խոռոչներում։ Եթե կոլայդերներում գոյանում է միկրոսկոպիկ սև խոռոչ, ապա այն պետք է գրեթե միանգամից վերանա։ Ամեն դեպքում, միլիարդավոր նման բախումներ տեղի են ունենում տիեզերքում, այդ թվում` Արեգակնային համակարգում, բայց դրանք չեն առաջացնում սև խոռոչներ ու ձագարափոսեր, որոնք շուրջբոլորն ամեն ինչ կկլանեն։ Այնպես որ, պետք չէ զգուշանալ դրանցից։
Կոլայդերում ուսումնասիրել են մանրագույն մասնիկների բախումները, ներառյալ` Հիգսի բոզոնները (համարվում է, որ տիեզերքում բոլոր մասնիկների և նյութերի զանգվածը պայմանավորված է այդ մասնիկներով)։ Հավանական է, որ միկրոսկոպիկ մասնիկները, որոնցից կազմված են սև խոռոչները, ճիշտ նույն կերպ գոյություն ունեն ամենուրեք, ուղղակի չեն միավորվում։
Անհավանական բացահայտումներ կամ հայերից ո՞վ է արժանի Նոբելյան մրցանակի
Սովորական տեսության հետ մեկտեղ, որը նկարագրում է սև խոռոչի նյութը որպես գերխիտ, մեկ այլ վարկած էլ կա. այն կարող է լինել գերթեթև և չափազանց հոսուն (հեղուկ հելիումի նման)։ Այդպիսի հիպոթեզ են առաջարկել լիբանանցի ֆիզիկոս Ջասթին Հուրին և վրացի գիտնական Լաշա Բերեզիանին։
Այդ և այլ տեսությունները կարելի է ստուգել մի քանի տարի անց, երբ հզորության բազմակի ուժեղացումից հետո կոլայդերը կրկին կսկսի գործել։ Այդ ժամանակ այն կկոչվի Բարձր լուսատվությամբ մեծ ադրոնային կոլայդեր (High-luminosity Large hadron collider)։ Այստեղ ժամանակի միավորի ընթացքում հնարավոր կլինի բախել ավելի շատ մասնիկներ, քան հիմա։ Այդ գիտափորձերը կվերլուծեն Սերգեյ Գլեյզերը և նրա գործընկերները։
Նա անսպասելիորեն է ներառվել Մեծ կոլայդերի նախագծի մեջ։ Բակալավրիատի վերջին կուրսում Գլեյզերը մասնակցել է լիբանանցի ֆիզիկոս Վազգեն Հակոբյանի դասախոսությանը, որը պատմել է կոլայդերի նախագծի, ինչպես նաև սև խոռոչի և դրա նյութի մասին։
Դասախոսությունից հետո Հակոբյանը զրուցել է Սերգեյի հետ, իսկ հետո անսպասելիորեն նրան ասել. «Գիտեք, ես ուսանող եմ փնտրում CERN–ում CMS ծրագրին մասնակցելու համար։ Դուք ընդունակ եք թվում, կարծում եմ` կհամապատասխանեք»։ Գլեյզերն առանց մտածելու համաձայնել է։
«Նա ասաց «կարծես», բայց հետո ես իմացա, որ շատ մանրամասն ուսումնասիրել է իմ աշխատանքները և գնահատականները», – ժպտալով պատմում է Գլեյզերը։
Արդյունքում նա հայտնվել է CMS «ռահվիրաների» թիմում, այնուհետև մասնակցել Հիգսի բոզոնի վերաբերյալ հաջողակ գիտափորձերին։
Երևանում նրան դիմավորել են հարազատի պես և դա ոչ միայն գիտական ձեռքբերումների համար։ Նրա մայրը հայուհի է, և այստեղ նրան հայավարի շրջապատել են բազմաթիվ ազգականները։
Վիկտոր Համբարձումյան. Տիեզերքների արարիչը
«Մինչ հիմա հիշում եմ մորս պատմություններն այն մասին, թե ինչպես է խորհրդային տարիներին պապս կնոջը տարել Էջմիածին` պսակադրվելու։ Ինձ այնքան են ասել, թե որքան հիանալի վայր է, որ շատ եմ ուզում հասցնել տեսնել Էջմիածինը», – ասաց Սերգեյը։
Ինչպես պարզվեց, Գլեյզերը լիովին տիրապետում է երկու ժողովուրդների հայտնի որակին` կարճ ժամանակի մեջ անել առավելագույնը։ Երևանում գտնվելու հաշված օրերի ընթացքում նա ոչ միայն ելույթ է ունեցել համաժողովում, այլ նաև կապեր է հաստատել Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի հետ։ Այստեղ Գլեյզերը սեմինար է անցկացրել տարրական ֆիզիկայում մեքենայական ուսուցման մասին և քննարկել համագործակցության հեռանկարները։