ԵՐԵՎԱՆ, 24 Հոկտեմբեր — Sputnik. ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության` Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու մասին միջնորդությունը։ Այս մասին լրագրողներին հայտնեց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Դատարանը մերժեց մեր` գրավի դիմաց Խաչատրյանին ազատ արձակելու որոշումը։ Մեզ համար սա անսպասելի որոշում չէր»,–ասաց նա։
Պաշտպանը հայտնեց նաև, որ դատարանի այս որոշումը կբողոքարկեն։
Նշենք, որ պաշտպանները 230 մլն դրամ գրավի դիմաց էին առաջարկում ազատ արձակել նախկին նախարարին։
Հիշեցնենք` նախկին պաշտոնյան ձերբակալվել էր օգոստոսի 27-ին` իրեն պատկանող տարածքներում ԱԱԾ–ի կատարած խուզարկությունից հետո։ ԱԱԾ–ն հայտարարել էր, որ Խաչատրյանին պատկանող տարածքներում խուզարկություններ են իրականացվել ինչպես այս, այնպես էլ 2019–ի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում։
Խուզարկություններ էին կատարվել նաև Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձանց առանձնատներում և բնակարաններում, այդ թվում Խաչատրյանի եղբորորդու` Կարեն Խաչատրյանի տանը։ Նա, ի դեպ, Գագիկ Խաչատրյանի ղեկավարման տարիներին ևս պաշտոնավարել է ՊԵԿ–ում:
Կան մարդիկ, որոնք պատրաստ են Գագիկ Խաչատրյանի համար վճարել 230 մլն դրամ գրավը. պաշտպան
Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է: