ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. «Հաղթանակ» բարձրավոլտ ենթակայանը հիմնանորոգումից հետո այսօր` հոկտեմբերի 24–ին, շահագործման հանձնեցին։
Ենթակայանի բացմանը ներկա էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրան ուղեկցում էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, այլ պաշտոնատար անձինք։ Ժամանել էր նաև գործարար Սամվել Կարապետյանը` «Տաշիր գրուպ» ընկերությունների սեփականատերը, որ նաև «Հայաստանի էլցանցերի» կառավարիչն է։
Վարչապետը շրջայց կատարեց ենթակայանում և ծանոթացավ անխափան էներգամատակարարման նոր հնարավորություններին։ Ենթակայանը մատակարարում է Երևանի խոշոր վարչական շրջանները` Հարավարևմտյան զանգվածը և Աջափնյակը։
Ենթակայանը կառուցվել է 1988թ–ին և դրանից հետո չի վերանորոգվել։ ՀԲ այդ նույն ծրագրով վերանորոգվում են երկու այլ բարձրավոլտ ենթակայաններ Չարենցավան և Վանաձոր քաղաքներում։ Այստեղ սարքավորումն ավելի շատ է մաշված (որոշ ենթակայաններում այն չի փոխվել 1930–ականներից)։ Վերանորոգումը դեռ չի ավարտվել։
Նոր ենթակայանում տեղադրվել է նաև ավտոմատ հսկողության նոր համակարգ (SCADA), որը կհեշտացնի էլեկտրաէներգիայի փոխանցումը։
Ենթակայանների հիմնանորոգումն անցկացվում է Համաշխարհային բանկի «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի երկրորդ փուլի շրջանակում։