ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Հայրենական մեծ պատերազմի վետերան, 97–ամյա Ռոզալյա Աբգարյանն առաջին տեղն է զբաղեցրել «Մոսկվա, ես սիրում եմ քեզ» տեսահոլովակների մրցույթում, որը հայտարարել էր «Մոսկվայի տուն» մշակութային և գործարարական կենտրոնը` Ռուսաստանի մայրաքաղաքի 872–ամյակի առիթով։

Պատվոգրեր և մրցանակներ հանձնելու արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 24–ին Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալությունում։
«Իմ սերունդը մի տան մեջ է մեծացել տարբեր ազգությունների, տարբեր հանրապետություններից եկած մարդկանց հետ, և այդ տունը կոչվում էր Խորհրդային միություն։ Ես իսկապես սիրում եմ Մոսկվան, որը համարում եմ մեծ հայրենիքի կենտրոնը, որի համար պայքարել ենք պատերազմի ժամանակ», – ասաց Աբգարյանը։
Մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրել էր Վիկտորյա Պիսարենկոն, երրորդ տեղը` Հասմիկ Գրիգորյանը։
Երևանում «Մոսկվայի տան» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը շնորհավորեց մրցույթի բոլոր մասնակիցներին և նշեց, որ երկու եղբայրական ժողովուրդների բազմադարյա եղբայրությունը կշարունակի ամրապնդվել և զարգանալ։
Նորաձևությունը տեղափոխվել է Մոսկվայի մետրո. տեսանյութ
Նշենք, որ «Մոսկվա, ես սիրում եմ քեզ» տեսամրցույթը հայտարարվել էր օգոստոսի սկզբին։ Լավագույն տեսահոլովակները հրապարակվել են «Մոսկվայի տան» ֆեյսբուքյան էջում։ Մրցույթի մասնակիցներն ուղարկել են մինչև 1 րոպե տևողությամբ հոլովակներ։