Անիմացիա է, ոչ թե մուլտիկ. Դիանա Մարտիրոսյանը բացել է «ՌեԱնիմանիայի» գաղտնիքները

Հոկտեմբերի 24-ից 29–ը Երևանում կանցկացվի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնը։ Բացի թարմ ու հետաքրքիր ֆիլմերի ցուցադրությունից համաշխարհային կինոմատոգրաֆի աստղերի մասնակցությամբ լինելու են վարպետաց դասեր։
Sputnik

«ՌեԱնիմանիա»  փառատոնի ֆիլմերի համակարգող, կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ներկայացված ֆիլմերի մասին ու ներկայացրել հետաքրքիր նորույթները, որոնք այս տարի սպասվում են։

Այս տարի «ՌեԱնիմանիա» փառատոնում մոտ 100 անիմացիոն ֆիլմ կմրցեն տարբեր անվանակարգերում

«Բացման արարողությանը կցուցադրվի Սալվադոր Սիմոյի «Բունյուելը կրիաների լաբիրինթոսում» ֆիլմը։ Դասական կինոյի ու կինեմատոգրաֆի պատմությամբ հետաքրքրվողները կարող են այս ֆիլմը դիտել։ Կերպարվեստի ու Վան Գոգի աշխատանքի սիրահարները կարող են հանդիպել  «Վան Գոգի կրքերը» ֆիլմի ռեժիսոր Հյու Ուելչմանի հետ հատուկ զրույցի ժամանակ», - նշեց Մարտիրոսյանը։

Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 350 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրներից, որոնցից ընտրված 100-ից ավելին կմրցեն փառատոնի հինգ հիմնական անվանակարգերում: Փառատոնի թեմատիկան շատ խայտաբղետ է`  կանանց իրավունքներից մինչ եկեղեցու ազդեցությունը երեխաների վրա, շան մասին սրտաճմլիկ պատմությունից մինչ 18+ զվարճանք։ Ու այս ամենը` հիմնականում անվճար, որովհետև միայն լիամետրաժ ֆիլմերի մուտքն է վճարովի լինելու։