ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. ԱԱԾ–ում 5 ամիս առաջ ոչնչացված փաստաթղթերը ներքին շրջանառության փաստաթղթեր են եղել, որոնք բոլորը վերականգնվել են: Այս մասին ասել է ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ -լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում։
«Ես ասեմ, որ բոլոր փաստաթղթերը փաստացի վերականգնված են և այդպիսի փաստարկում չկա, որ...: Մի ծառայությունից մյուս ծառայություն է չէ՞ գնում գրագրությունը, այդ իրենց ֆունկցիաներով ամեն ինչ վերականգնված է»,- վստահեցրել է ԱԱԾ փոխտնօրենը:
Նրա խոսքով՝ որևէ քրեական գործ դրանցում չի եղել, դրանք բացառապես ներքին շրջանառության փաստաթղթեր են եղել: Առանց բացելու փաստաթղթերի բովանդակությունը, Ստեփան Մելքոնյանն օրաթերթին ասել է, որ դրանց անհետացմանը վերաբերող ծառայողական քննության արդյունքները, ըստ ամենայնի, շուտով կներկայացնեն հանրությանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա մայիսի 8-ին իր գործունեության մեկամյակն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտարարել էր ԱԱԾ–ում ոչնչացված փաստաթղթերի մասին:
«Ազգային անվտանգության ծառայությունում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետև նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ Ազգային անվտանգության ծառայության նյութեր են ոչնչացրել», - ասել էր վարչապետը:
ՀՀ ԱԱԾ-ն Հրայր Թովմասյանի հոր և դուստրերի հարցաքննության որոշ մանրամասներ է ներկայացրել
Կատարվածը հանցագործություն որակելով՝ նա նշել էր, որ ինքն իրավաբան չէ, բայց իր քաղաքական գնահատականն այն է, որ դա հանցագործություն է: Այդտեղ կարող էին լինել նյութեր բազմաթիվ բաների մասին: Փաշինյանը նշել էր, որ սա «ուրվական գործ է և շատ լուրջ հետևանքների պետք է բերի»:
Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: