Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են ՀՖՖ և որոշ թղթեր ուսումնասիրել

Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստով նյութեր են նախապատրաստվում։ Այդ նյութերի ամբողջականությունը ստուգելու նպատակով ՀՖՖ հարցումներ են ուղարկվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն անցած շաբաթվա վերջին օրերին այցելել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա։ Նրանք որոշակի փաստաթղթեր են խնդրել և ուսումնասիրել։

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՖՖ մամուլի ծառայությունից։

ՀՖՖ–ն աշխատում է. Վանեցյանը Վայոց Ձորի սահմանամերձ գյուղերում ֆուտբոլի դաշտեր է բացել

«Այո, եկել են և որոշակի թղթեր են խնդրել ու տարել ուսումնասիրության։ Բայց առայժմ չգիտենք, թե հատկապես` ինչն է ուսումնասիրության առարկա դարձել»,–ասացին ՀՖՖ–ից։

ՀՀ ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստով նյութեր են նախապատրաստվում։ Այդ նյութերի ամբողջականությունը ստուգելու նպատակով ՀՖՖ հարցումներ են ուղարկվել, այլ գործողություն չի կատարվել։

Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականը ճի՞շտ որոշում էր հավաքականի համար

Նշենք, որ օրեր առաջ FIP.am կայքը հոդված էր հրապարակել, որտեղ անդրադարձել էր Ֆեդերացիայի մասնաճյուղերի կառուցապատման աշխատանքներին։ Հոդվածի հեղինակը նշել է, որ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընկերություններն են եղել ֆուտբոլի ակադեմիաների կառուցապատողները։ Որոշ ԶԼՄ–ների տեղեկություններով` հենց այս հոդվածի հետքերով են իրավապահներն այցելել ՀՖՖ։