Բաբայանի ձերբակալումը ծիծաղելի է. պաշտպանը վստահ է, որ նրան շինծու մեղադրանք է առաջադրվել

Փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնեց, որ Արսեն Բաբայանն իրեն ուղղված մեղադրանքները կապում է Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված գործընթացի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին նոր մեղադրանք է առաջադրվել` իշխանությունը յուրացնելուն օժանդակելու համար։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Դատական նիստ այսօր տեղի չի ունենալու։ Արսեն Բաբայանին դատարան չեն ներկայացրել, որպեսզի նիստ լինի», - ասաց նա` նշելով, որ նիստը տեղի կունենա վաղը՝ ժամը 17։40։

Վարոսյանը մանրամասնեց` դատարանը պիտի նիստ նշանակեր, հանձնարարեր վարույթ իրականացնող մարմնին, որպեսզի դատական նիստ անցկացվեր։

Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանում է պահանջել ՀՔԾ–ից Արսեն Բաբայանի գործի մասին

«Կարծում եմ` վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Արսեն Բաբայանի նկատմամբ կալանքի միջնորդություն ներկայացնել դատարան։ Հավանաբար իմանալով, որ նման միջնորդություն պիտի լինի, նիստը նշանակել են վաղը, որը այդ երկու հարցը միասին քննարկեն։ Այս պահի դրությամբ պիտի քննվի ձերբակալության իրավաչափության հարցը։ Ես ենթադրում եմ, որ դատարանը վարույթն իրականացնող մարմնի հետ ինչ–որ միջոցով պարզել են, որ պիտի միջնորդություն լինի ։ Եվ եթե վաղը այդ երկու հարցերը միասին քննարկվեն, կստացվի, որ ես ճիշտ եմ»,– ասաց փաստաբանը։

Վարոսյանը նշեց, որ Արսեն Բաբայանը կարդացել է մեղադրանքի տեքստը, փորձել է հասկանալ` ինչի մասին է խոսքը։

«Այդպես էլ չհասկացանք։ Մեղադրանքն իրականության հետ աղերս չունի, պարզապես ծիծաղելի է։ Սա առնչություն ունի ՍԴ–ի և այն պրոցեսի հետ, որ կատարվում է ՍԴ–ի շուրջ։ Ես` որպես իրավաբան, առաջին անգամ իմ պրակտիկայում չեմ կարող իրավական գրավական տալ այդ մեղադրանքին»,– ասաց նա։

Արսեն Բաբայանին մեղսագրվող հոդվածը համաներման տակ է. քրեական գործը չէր կարող հարուցվել

Անկախ նրանից, թե ինչ գործընթաց է տեղի ունենում Արսեն Բաբայանի նկատմամբ, փաստաբանները պատրաստվում ենք պաշտպանել նրան։ Վարոսյանի խոսքով` Բաբայանն ապօրինի անազատության մեջ է, և սա անհետևանք չի լինի։

Պատասխան են տալու. Ծառուկյանը` Արսեն Բաբայանի ձերբակալության մասին

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ի երեկոյան պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել էր ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հիմնավորման համաձայն` պաշտոնական անձինք, որոնց թվում և Բաբայանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։ Պաշտոնատար անձինք այդ քայլին դիմել են խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով։

Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: 

Արսեն Բաբայանի ձերբակալումը ՍԴ նախագահի դեմ սկսած օպերացիայի հերթական սերիան է. Շարմազանով