«Ուղղակի աբսուրդ է». Ռոբերտ Քոչարյանի թոռնիկներին արգելում են հանդիպել պապին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին ուրբաթ օրն է հանդիպել հորը։ Իսկ թոռներին արգելել են տեսակցել պապին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեսակցելու հնարավորություն չունեն իր թոռները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լևոն Քոչարյանը։

Քոչարյանը որդու հետ խոսել է Հայկ Հարությունյանի մասին

«Ես ուրբաթ օրն եմ հանդիպել։ Լավ էր, ապաքինվում էր։ Իմ մասով տեսակցելու խնդիր չկա։ Բայց խնդիր եղավ եղբորս երեխաների հետ։ Երեխաներն ուզում էին տեսակցել, չթողեցին։ Տարբեր ձև են բացատրում, բայց փաստը մնում է փաստ, որ չթողեցին։ Ուղղակի աբսուրդ է»,– ասաց Լևոն Քոչարյանը։

Անդրադառնալով հոկտեմբերի 9–ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Ռոբերտ Քոչարյանին կատարած վիրահատությանը` երկրորդ նախագահի որդին պատմեց, որ վիրահատությունն անցել է լավ։

«Երևի արդեն լավ է, որ տեղափոխվել է»,- ասաց նա։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր վիրահատությունից հետո տեղափոխել են «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

Թե ինչ խնդիր ուներ ՀՀ 2–րդ նախագահը և ինչի համար են նրան վիրահատել, չի տեղեկացվում։

Հայկ Մարությանին Ռոբերտ Քոչարյանի գիրքն են նվիրել

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: