Անհրաժեշտ է, որ ներկա կառավարությունը մնա. Արամ Ա կաթողիկոսը դիմել է Լիբանանի ժողովրդին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ը կիսում է Լիբանանի ժողովրդի պոռթկումը և լուծումներ առաջարկում։ Կաթողիկոսն ուղերձով դիմել է ժողովրդին ու իշխանությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Կիսում ենք ժողովրդին պոռթկումն ու արդար սպասումը։ Լիբանանում ստեղծված վիճակին անդրադառնալով Facebook-ի իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ը։

«Լիբանանի պատմության մեջ առաջին անգամ է, որ Լիբանանի ողջ ժողովուրդը` առանց կրոնական, համայնքային ու քաղաքական տարբերության, իր պահանջները հստակորեն ներկայացնում է պետական իշխանությանը»,– ասված է կաթողիկոսի հաղորդագրության մեջ։

ՀՀ քաղաքացիներին կոչ են անում Լիբանանում հեռու մնալ մարդաշատ վայրերից

Արամ Ա–ը նշում է, որ ներկա իրավիճակում անհրաժեշտ է խոհեմություն դրսևորել, քանզի զգացական ու հապճեպ քայլերը, քաղաքական շահարկումները կարող են ավելի սրել կացությունը։

Արամ Ա–ը նաև իր դիտարկումներ է ներկայացրել ստեղծված իրավիճակից երկիրն անցնցում դուրս բերելու վերաբերյալ։

«Նկատի ունենալով, որ ներկա կառավարության մաս են կազմում Լիբանանի քաղաքական բոլոր կուսակցությունները, անհրաժեշտ է, որ ներկա կառավարությունը շարունակի մնալ։ Դրա հեռացումը կարող է նորանոր բարդություններ ստեղծել և երկիրը անորոշության մատնել»,– գրում է կաթողիկոսը։

Հաջորդ քայլով, ըստ նրա իշխանությունը պետք է խոստանա, որ ժողովրդի կյանքը բարելավող գործնական քայլեր է իրականացնելու։ Իսկ այդ հանձնառության գրավոր տարբերակում հստակ պետք է նշվեն տնտեսական, սոցիալական, առողջապահական, կրթական, վարչական և այլ բնագավառներում կառավարության իրագործելիք գործնական քայլերն ու դրանց հստակ ժամանակացույցը։

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Արամ Ա-ին` մոր մահվան կապակցությամբ

Իսկ տնտեսական ծրագրերում Արամ Ա–ը կարևորում է հատկապես հարկերի հետագա բարձրացումը կանխելը։

Հիշեցնենք` արդեն մի քանի օր է, ինչ երկրում չեն դադարում բողոքի ակցիաները։ Բեյրութում, Տրիպոլիում ու երկրի այլ խոշոր քաղաքներում մարդիկ պահանջում են կառավարության հրաժարականը։

Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է Արամ Ա-ին

Բողոքի ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ կառավարությունը հոկտեմբերի 17-ին որոշում էր ընդունել «WhatsApp»-ի զանգերի համար նոր հարկատեսակ կիրառելու մասին։ Այս հայտարարությունը կառավարության հարկային ճնշումների «վերջին կաթիլը» համարող տասնյակ հազարավոր լիբանանցիներ այդ օրը դուրս եկան փողոց ու շրջափակեցին կառավարության շենքը։

Ոստիկանության ու ցուցարարների միջև բախումների հետևանքով հաղորդվում է 60 վիրավորների ու 2 զոհի մասին։

ԶԼՄ-ները Լիբանանում արդեն 4-րդ օրը շարունակվող ակցիաները անվանում են «WhatsApp»–ի հեղափոխություն։

Անսալով քաղաքացիների պահանջին` իշխող կոալիցիայի մաս կազմող «Լիբանանյան ուժեր» քրիստոնեական կուսակցությունը հոկտեմբերի 19-ին հայտարարեց կոալիցիայից դուրս գալու մասին։

Ցուցարարները ոգևորությամբ ընդունեցին այս լուրը` կոալիցիայի անդամ այլ քաղաքական ուժերին ևս կոչ անելով հրաժարվել իշխանությունից ու երկրում անցկացնել արտահերթ ընտրություններ։