Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

ՀՀ նախագահը ՌԴ առաջնորդին և զոհվածների հարազատներին ցավակցել է Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ նախագահ Սարգսյանն իր ցավակցություններն է հայտնել զոհերի հարազատներին ու մերձավորներին, տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում: 

Հիշեցնենք` Կրասնոյարսկի երկրամասում Սեյբա գետի վրայի ամբարտակը հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը քանդվել էր։ Միջադեպի հետևանքով ջրի տակ են անցել աշխատողների վագոն-տնակները։ Պատահարի հետևանքով 13 մարդ մահացել էր, ևս 15-ը համարվում է անհետ կորած։