Բնապահպաններն ահազանգում են` Արցախի ջրամբարում ձկները սատկել են. տեսանյութ

Պետական մարմինն արձագանքել է բնապահպանների հրապարակած տեսանյութին։ Սատկած ձկներն ու ջուրը կենթարկվեն լաբորատոր փորձաքննության։
Sputnik

Արցախցի Վլադիմիր Դոլուխանյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որը նկարահանել է Արցախի Խաչենագետի ջրամբարում։

«Ջրամբարի ափերին և ափամերձ գոտում հարյուրավոր, հազարավոր սատկած ձկներ են»,– գրում է քաղաքացին` ցույց տալով ջրամբարի շուրջ, ափերին ընկած բազում սատկած ձկները։

Ստեփանավանի թունավորված ձկների հարցով զբաղվում է ԱԱԾ–ն. «Փաստ»

Օգտատերը կոչով դիմել է պատկան մարմիններին` Բնապահպանության նախարարությանը, տեսչությանը, Ջրային տնտեսությանն ու իրավապահ կառույցներին` խնդրով զբաղվելու համար:

Արցախի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արձագանքել է արցախցի օգտատիրոջ հրապարակած տեսանյութին։

«Սույն թվականի հոկտեմբերի 20-ին առավոտյան ԱՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչությունը ստուգողական այց իրականացրեց Խաչենի ջրամբար՝ պարզելու համար ափամերձ գոտում ձկների անկման պատճառները, որի արդյունքում լաբորատոր փորձաքննության իրականացման համար նմուշներ վերցվեց և՛ ջրից , և՛ ձկներից»,– հայտնում է ծառայության fasebook-ի պաշտոնական էջը:

Լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին պետական մարմինը խոստանում է տեղեկացնել ավելի ուշ։ Իսկ մինչ այդ հայտնում է, որ տվյալ տեղամասը սպասարկող անասնաբուժական կայանի աշխատողները նմուշառումից հետո մաքրել ու ախտահանել են տարածքը, իրականացրել կանխարգելիչ միջոցառումներ։