Փաշինյանը կրկին Գյումրիում է. ինչպես են ընթանում ավտոմաքսատան շինաշխատանքները. տեսանյութ

Վարչապետը ՊԵԿ ղեկավարի հետ շրջել է Գյումրիում նոր կառուցվող ավտոմաքսատան շինարարական հրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի-Sputnik. Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է հանրապետության երկրորդ քաղաք՝ Գյումրի՝ ծանոթանալու նոր կառուցվող ավտոմաքսատան շինարարական աշխատանքների ընթացքին:

Տնակների փոխարեն` եզակի ատրակցիոններ. Գյումրիում կվերակառուցվի «Բարեկամություն» այգին

«Այս տարվա ապրիլի 9-ին ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել էի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ։ Այսօր այցելել եմ Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին»,- Facebook-ի իր պաշտոնական էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարին շրջայցի ընթացքում ուղեկցել են ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Գործադիրի ղեկավարը շինարարների հետ խոսել է աշխատանքների ընթացքի մասին:

Նշենք, որ ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյումրիում կազմակերպելու առաջարկն արել էր ՀՀ վարչապետը` Արարատյան մաքսատուն այցելության ընթացքում։

Գյումրիում մեքենաների մաքսազերծումն իրականացվում է առանց հերթի, վարորդին «ռաժոկ» պետք չէ

Ներկայում ավտոմեքենաների մաքսազերծումն իրականացվում է Նորագավիթում տեղակայված Արարատյան մաքսատուն վարչության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման բաժանմունքում, որտեղ հսկայական հերթեր են գոյանում։

Գյումրու մաքսատան շինարարությունն ավարտելուն զուգահեռ այստեղ կտեղափոխվեն տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված բոլոր գործառույթներն ամբողջությամբ; Հարավային սահմանով մտած տրանսպորտային միջոցների համար Սիսիանի մաքսատունը կշարունակի գործել:

Ինչ եղավ Գյումրու մաքսատունը. Անանյանի հաշիվները խառնել են շինարարները

Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու որոշումը կառավարությունը կայացրել էր 2019թ.–ի օգոստոսի 1-ին։ Ծրագիրը հիմնավորվում էր նրանով, որ մաքսային մարմինները չեն հասցնում սպասարկել Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների աննախադեպ ծավալները։

Ավելի վաղ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը խոստացել էր, որ մաքսատան շինարարական աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 11-ին, սակայն հոկտեմբերի 16–ին լրագրողների հետ զրույցում խոստովանեց, ժամկետն ինքն էր սահմանել` առանց հաշվի առնելու շինարարական աշխատանքների ծավալը։ Անանյանը խոստացավ, որ նոյեմբերին արդեն Գյումրու մաքսատունը կշահագործվի։