Լեդի Գագան «թռել» է երկրպագուի գիրկն ու ընկել բեմից. տեսանյութեր

Ընդամենը մի քանի ամիս առաջ երգչուհին ծանր մետաղական հագուստի պատճառով էր ընկել բեմից։ Այս անգամ էլ պատճառը «ծանր» երկրպագուն էր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 Հոկտեմբեր — Sputnik. Լաս Վեգասում Enigma համերգային ծրագրի ընթացքում երգչուհի Լեդի Գագան երկրպագուի հետ ընկել է բեմից: Այս մասին գրում է ամերիկյան Etonline.com կայքը։

Հերթական երգի ժամանակ Գագան բեմ է կանչել երկրպագուներից մեկին, ցատկել նրա վրա և սկսել է պարել: Երկրպագուն կորցրել է հավասարակշռությունը և, երգչուհուն գրկած, ընկել բեմից` այլ մարդկանց վրա։

​Մի քանի երկրպագուներ, որոնց «բախտ չի վիճակվել» գրկվել իրենց կուռքի հետ, տեսանկարահանել են Գագայի ընկնելը։ Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է Գագան ընկնելուց հետո վեր կենում և ասում. «Ամեն ինչ օքեյ է»։ Հետո բարձրանում է բեմ ՝ շարունակելու իր ելույթը։ Սակայն տեսանյութերում չի երևում` ինչ ճակատագրի է արժանանում 33-ամյա երգչուհու հետ ընկած երիտասարդը։

​Սա Լեդի Գագայի` բեմից ընկնելու առաջին դեպքը չէ։ Այս տարվա հունիսին իր համերգներից մեկի ժամանակ երգչուհին ընկել էր ծանր մետաղական հագուստի պատճառով: Մի քանի տարի առաջ էլ խճճվել էր երկար հագուստի մեջ ու էլի ընկել: Բոլոր դեպքերում էլ սուպերաստղն առանց ոգևորվածությունը կորցնելու շարունակել էր իր ելույթները։

Ովքեր են աշխարհի ամենագեղեցիկ կանայք. լուսանկարներ

Երգչուհի, կոմպոզիտոր, պրոդյուսեր, դիզայներ և դերասանուհի Լեդի Գագան այս տարի «Օսկար» մրցանակ է ստացել Բրեդլի Կուպերի «A Star Is Born» ֆիլմում լավագույն երգի համար: Նա իր կարիերան սկսել է ակումբային ելույթներով, իսկ 2007-ի վերջին պրոդյուսեր Վինսենթ Հերբերտը երգչուհու հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել, ինչն առաջին քայլն է դարձել նրա աստղային կարիերայում։

Երգչուհի Լոլիտան խոստովանել է, որ հնարավոր էր փրկել ամուսնու հետ հարաբերությունները