ՌԱԴԻՈ

Հարությունյան. «Ծառը միայն տնկելով չէ, պետք է տնկին 4-5 տարի պարբերաբար խնամվի»

«Էյ-Թի-Փի»-ի ծրագրով տարեկան 250 հազար ծառ է տնկվում, որոնց կպչողականությունն առնվազն 60-70 տոկոս է կազմում:
Sputnik
Հարությունյան. «Ծառը միայն տնկելով չէ, պետք է տնկին 4-5 տարի պարբերաբար խնամվի»

Մինչև 2020 թվականի 10-րդ ամսվա 10-րդ օրը 10 միլիոն ծառ տնկելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած ամբիցիոզ ծրագրին «Էյ-Թի-Փի» (ATP, «Հայաստան ծառատունկ») բարեգործական հիմնադրամը պատրաստ է աջակցել, հասկանալի է` իր հնարավորության սահմաններում:

Որքանո՞վ է իրատեսական Փաշինյանի ասած 10 մլն ծառ տնկելը. վերցնենք ցնցուղն ու ջրենք անապատը

«Մենք պատրաստ ենք տնկիներով աջակցելու, բայց որքանով իրատեսական կլինի տնկելը, ես չեմ կարող ասել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ATP-ի Հայաստանի գրասենյակի ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանը: Զրուցակիցը հայտնեց, որ իրենց տնկարանի առավելագույն հնարավորությունը տարեկան մինչև 1 միլիոն տնկի է: Դա, իհարկե, կախված է եղանակային պայմաններից, տնկանյութի աճից:

Արթուր Հարությունյանը 10 միլիոն ծառ տնկելու կոնկրետ հայտարարության և դրա իրականացման հնարավորության մասին գնահատական չտվեց, սակայն նկատեց. «Տնկին պետք է խնամվի, միայն տնկելով չէ: Խնամքի աշխատանքներ պիտի կատարվեն, ցանկապատվեն տարածքները: Չորս-հինգ տարի պարբերաբար պիտի խնամվեն այդ տնկիները, քաղհան արվի, համապատասխան այլ աշխատանքներ, օրինակ, եթե վերատնկման կարիք կա, վերատնկում կատարվի»:

«Էյ-Թի-Փի»-ի ծրագրով, ինչպես տեղեկացանք մեր զրուցակցից, տարեկան 250 հազար տնկի է տնկում, որոնց կպչողականությունն առնվազն 60-70 տոկոս է կազմում: Սա, նկատենք, ծառատունկի գործում մասնագիտացած կազմակերպության իրականացրած աշխատանքների դեպքում:

Պարզ ասած` ծառը միայն տնկելով չէ. այնպես չէ, թե տնկին դրեցիր, ու վերջ: