ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik.Հայաստանյան բուհերում բարձր առաջադիմության համար ուսանողը ստանում է 5 000 դրամ կրթաթոշակ, ինչն այսօր պարզապես անհեթեթ է։ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը։
Նա նշեց, որ կրթաթոշակների այս չափը սահմանվել է դեռ 1999թ–ից և առ այսօր փոփոխության չի ենթարկվել։
«Սա անհեթեթ մոտեցում է։ Մենք պետք է իրոք կրթությունը խրախուսենք» ,– ասաց Էնֆիաջյանը։
Նա ներկայացրեց ԲՀԿ–ի` «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը։
«Պետական նախնական մասնագիտական, արհեստագործական, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների կրթաթոշակը բարձր առաջադիմությամբ սովորողների համար սահմանել 20.000 ՀՀ դրամ, գերազանց առաջադիմությամբ սովորողների համար՝ 30.000 ՀՀ դրամ»,– ասաց նա։
Նախագծով նախատեսվում է կրթաթոշակների նոր չափը կիրառել 2020թ–ի սեպտեմբերի 1–ից։
Գումար տալ, որ սովորեն, սխալ է. կառավարությունը դեմ է կրթաթոշակների բարձրացմանը
Հիշեցնենք` գործող օրենքով ՀՀ բուհերի բակալավրիատում սովորող բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները ստանում են 5.000 դրամ կրթաթոշակ, գերազանց առաջադիմություն ունեցողները` 6.050 դրամ։ Մագիստրատուրայում բարձր առաջադիմությամբ ուսանողները ստանում են 5.500 դրամ, գերազանցիկները` 6.300 դրամ:
ՀՀ տեխնոլոգիական բուհերի ոչ բոլոր շրջանավարտներն են պատրաստ աշխատել ՏՏ ընկերություններում