ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան.Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանի հրաժարականի հայտարարությունը կանխատեսելի էր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Արմենիա» հեռուստաընկերության ֆուտբոլային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը։
«Եվրո-2020-ի ընտրական վերջին երկու հանդիպումներից հետո, որում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հավաքականի հետ և խոշոր հաշվով պարտվեց Ֆինլանդիայի ընտրանուն, մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն այսօր հրաժարականի դիմում ներկայացրեց`նշելով, որ նման որոշում է կայացրել, քանի որ չի կարողացել արդարացնել Հայաստանի հավաքականի երկրպագուների հույսերը՝ թիմին դուրս բերել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, թեև իր առջև ի սկզբանե նման խնդիր չի դրվել։
«Նորմալ եմ համարում մարզչի որոշումը, որովհետև ստեղծվել էր մի իրավիճակ, որին նա կարծես թե չէր տիրապետում: Իհարկե, հակասող կարծիք կա, որովհետև դիմումի մեջ Գյուլբուդաղյանցը նշում է, որ չի կատարել առաջադրանքը, բայց իր առջև խմբից դուրս գալու առաջադրանք չի էլ դրվել: Այս տեսանկյունից կարծում եմ, որ մեր հավաքականի առջև նման խնդիր դնելը հիմա սխալ է, բայց իմ կարծիքով` այս պահին հրաժարական ներկայացնելը ավելի շատ տրամաբանական էր ու սպասելի»,– ասաց Քալանթարյանը:
Միաժամանակ մեկնաբանը համարում է, որ զուտ մարզական առումով մեր հավաքականը վատ արդյունք ցույց չի տվել: Թիմն ունի տասը միավոր և աղյուսակում երրորդն է: Ի դեպ, երրորդ տեղը ընտրական մրցաշարերում Հայաստանի հավաքականի լավագույն արդյունքն է մինչ օրս։ Ըստ Քալանթարյանի` այդ տեսանկյունից միգուցե ավելի ճիշտ կլիներ, որ մարզիչն ավարտեր թիմի հետ ընտրական փուլը, նոր եզրակացություններ աներ։
«Ֆուտբոլ +» թերթի գլխավոր խմբագիր Աշոտ Մարտիրոսյանն էլ համարում է, որ Գյուլբուդաղյանցը չպետք է հեռանար հիմա, նույնիսկ մարզչական վրիպումներից հետո նա ընտրական փուլն ամեն դեպքում պետք է հասցներ ավարտին։
«Հասկանում եմ, որ հավաքականը վերջին երկու խաղերում, կարելի է ասել, ձախողվեց, բայց առջևում դեռ երկու խաղ էլ կա: Կարծում եմ, որ մարզիչը պետքը ավարտին հասցներ ընտրական փուլը, նոր մտածեր հրաժարականի մասին»,- Sputnik Արմենիային ասաց նա:
Հայաստանի ազգային հավաքականը զրկվեց Եվրո 2020-ի մասնակցությունից
Մարտիրոսյանը նշեց, որ Բոսնիայի հավաքականի մարզիչը Հայաստանից կրած պարտությունից հետո հրաժարական տվեց, բայց հետո վերադարձավ, որպեսզի փորձի ավարտին հասցնել այն, ինչին ուզում էին հասնել: Ու այսօր բոսնիացիները հայերի նման աննշան, բայց դեռևս տեսական հնարավորություններ ունեն խմբային փուլը հաղթահարելու համար:
«Համաձայն եմ` եղան վրիպումներ, ու մեր հավաքականը Լիխտենշտեյնի հետ ոչ-ոքիից հետո չկարողացավ վերգտնել իր խաղը: Բայց մարզիչը պետք է մնար թիմի ղեկին մինչև վերջ»,- ասաց Մարտիրոսյանը:
Նշենք, որ մեկ տարի հավաքականը գլխավորելու ընթացքում Արմեն Գյուլբուդաղյանցն ու մեր ազգային հավաքականը և՛ ուրախության, և՛ հիասթափության պահեր պարգևեցին հայ ֆուտբոլասերին: Ընտրական խմբային փուլում մեկնարկային երկու պարտություններից հետո Հայաստանի հավաքականը երկու անընդմեջ հաղթանակ տոնեց: Հետագայում մեր ընտրանին շատ լավ խաղ ցուցադրեց Իտալիայի և Բոսնիա ու Հերցեգովինայի թիմերի հետ խաղերում: Ու չնայած այս երկու խաղերից մեկում մեր թիմը պարտվեց (Իտալիային 1:3 ), միևնույնն է հավաքականը շատ լավ հույսեր ուներ խմբային փուլից դուրս գալու համար:
Հիմա ով էլ գխավորի Հայաստանի հավաքականը, պարզ է, որ մենք արդեն նախապատրաստվելու ենք ընտրական հաջորդ փուլին: Իսկ Արմեն Գյուլբուդաղյանից աշխատանքի ընթացքում մեր հավաքականը, իրոք, ունեցավ շատ լավ ու նաև տխուր պահեր: Պարզ է, որ հավաքականին կայունությունն է պակասում: Ո՞վ կարող է դա ապահովել: Նո՞ր մարզիչը, իսկ ո՞վ է լինելու նա։ Հիմա արդեն սա է ամենակարևոր հարցը: