«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Պատմության դասեր՝ «Մեծ ճողոպրում»

Եկեք անկեղծ լինենք: Պատմության ընթացքում եղել են բախտորոշ պահեր, որոնց մասին, որքան էլ զարմանալի է, շատ քիչ բան է հայտնի: Այդպիսի մի իրադարձություն տեղի է ունեցել ուղիղ 78 տարի առաջ՝ 1941 թվականի հոկտեմբերի կեսերին:
Sputnik

Գերմանական զորքերը մոտենում էին Խորհրդային Միության մայրաքաղաքին, մինչև Մոսկվայի արվարձանները մնում էր ընդամենը 120 կիլոմետր: Իրավիճակն օրհասական էր: Եվ հոկտեմբերի 15-ին Պաշտպանության պետական կոմիտեն` Իոսիֆ Ստալինի գլխավորությամբ, «ԽՍՀՄ-ի մայրաքաղաքի տարհանման մասին» որոշում կայացրեց:
Ընդամենը մի մեջբերում.

«Հենց այսօր կազմակերպել Գերագույն խորհրդի նախագահության, ինչպես նաև ընկեր Մոլոտովի գլխավորած կառավարության տարհանումը»: Փակագծում նշված էր. «Ընկեր Ստալինը կմեկնի վաղը կամ ավելի ուշ՝ ըստ հանգամանքների»:

Այսինքն, որոշվել էր իշխանության բոլոր գլխավոր կառույցները, ինչպես նաև օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները տեղափոխել Կույբիշև (այժմ` Սամարա), որը գտնվում է մայրաքաղաքից մոտ 800 կիլոմետր դեպի արևելք՝ Վոլգա գետի ափին: 

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Պատմության դասեր՝ «Մեծ ճողոպրում»

Նախատեսվում էր նաև ականապատել և պայթեցնել մայրաքաղաքի խոշոր ձեռնարկությունները, կամուրջները, տրանսպորտային հանգույցները, այդ թվում նաև Մոսկվայի մետրոպոլիտենը: Այս մասին հատուկ գրավոր ցուցում ստացվեց հաղորդակցության ուղիների նախարար Լազար Կագանովիչից:
Մեջբերեմ. 

 

«Մետրոպոլիտենը փակել: Երեք ժամվա ընթացքում առաջարկություններ ներկայացնել դրա ոչնչացման վերաբերյալ»:

Ամենասարսափելին այն է, որ ժողովրդին այս ամենի մասին չէին տեղեկացրել, ղեկավարներից որևէ մեկը ելույթ չունեցավ ռադիոյով և չասաց, որ տարհանման որոշում է կայացվել:
Հոկտեմբերի 16-ի առավոտյան մոսկվացիներն արթնացան, սովորականի պես ուղևորվեցին աշխատանքի, բայց հայտնաբերեցին, որ մետրոն փակ է: Սա արդեն ահազանգ էր այն մասին, որ ինչ-որ արտառոց բան է կատարվում: Մոսկվայի մետրոպոլիտենը իր պատմության ընթացքում երբեք չէր փակվել: Մի կերպ հասնելով աշխատավայր՝ բանվորները տեսան, որ գործարաններն էլ են փակվում: Իսկ երբ փողոցներով սկսեցին շարժվել մեծ ու փոքր չինովնիկներին քաղաքից դուրս տանող ծառայողական մեքենաները, բոլորը հասկացան, որ որոշվել է Մոսկվան հանձնել գերմանացիներին: Ու սկսվեց Մեծ ճողոպրումը:

Հետագայում ժողովուրդն այն անվանեց՝ «Բոլշոյ դրապ»: Եթե թարգմանեմ՝ «Մեծ փախուստ», երևի լիովին չեմ արտահայտի «драп» բառի իմաստը, որովհետև «драпать» նշանակում է ոչ միայն պարզապես փախչել, այլ փախչել լեղապատառ:

Հենց այդպես էլ փախչում էին պաշտոնյաները՝ առանց հետ նայելու, ունենալով միայն մի նպատակ՝ փրկել սեփական կյանքը: Պատմաբան և լրագրող Լեոնիդ Մլեչինը մի քանի տարի առաջ հրապարակված իր «Սև հոկտեմբերը» հոդվածում գրել է.

«Ղեկավարները խուճապահար փախչում էին Մոսկվայից՝ համոզված լինելով, որ մենք տանուլ ենք տվել պատերազմը: Ուղղակի շշմեցուցիչ է, թե որքան վախկոտ գտնվեցին այն մարդիկ, որոնք ուրիշներին ուղարկում էին ռազմաճակատ՝ պահանջելով գերի չհանձնվել, այլ ինքնասպան լինել անելանելի իրավիճակներում»:

Ինչ էր անում առաջնորդը՝ Իոսիֆ Ստալինը:

Ստալինը երկմտում էր՝ ինչ կլինի, եթե Մոսկվան հանձնվի թշնամուն: Իհարկե, նման փորձ Ռուսաստանն ունեցել էր. 1812 թվականին Կուտուզովը որոշել էր Մոսկվան հանձնել Նապոլեոնին, բայց հետո քշել էր նույն Նապոլեոնին մինչև Փարիզ: Սակայն կար մի շատ էական տարբերություն՝ Մոսկվան այն ժամանակ Ռուսաստանի մայրաքաղաքը չէր: Մայրաքաղաք հանձնելը կնշանակեր կոտրել ժողովրդի ոգին ու կամքը, միգուցե նաև դրանով իսկ կանխորոշել պատերազմի ելքը: Ու Ստալինը վերջին պահին որոշեց մնալ: Ասում են՝ դրանից առաջ Ստալինը հարցրել էր Արևմտյան ռազմաճակատի հրամանատար Ժուկովին՝ կկարողանա՞նք պահել Մոսկվան: Եվ Ժուկովը պատասխանել էր. «Չեմ կասկածում»: Ինչևէ, Ստալինը չհեռացավ, Մոսկվան էլ մնաց անառիկ: Բայց այն, ինչ կատարվեց ուղիղ 78 տարի առաջ՝ հոկտեմբերյան այս օրերին, շատ խորհրդանշական է: Այդ «Բոլշոյ դրապ»–ը բացահայտեց մարդկանց էությունը, ցույց տվեց, որ նրանք, ովքեր ամեն օր մեծ-մեծ խոսում են հայրենասիրությունից, վտանգի դեպքում հաճախ առաջինն են խուճապահար փախչում, իսկ իշխանությունից դժգոհ քաղաքացին սուսուփուս վերցնում է զենքը ու կանգնում հակառակորդին դեմ դիմաց: