ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով դատական հայց է ներկայացվել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Թերթը պարզել է, որ հոկտեմբերի 11-ին Սնանկության դատարան է դիմել «Մոսէսքո» ՍՊԸ-ն «Սանիթեք Ինթերնեյշնլին» սնանկ ճանաչելու պահանջով»,- նշված է թերթի այսօրվա համարում:
Թերթի տեղեկություններով` «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն «Մոսէսքո» ՍՊԸ-ին պարտք է 500.000.000 դրամ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 3–ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ ամբողջությամբ, միակողմանի կերպով լուծում է «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրերը։
Քաղաքապետը նշել էր, որ 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել էր թերանալ աղբահանության գործում։ Այդ թերացումներն ահագնացել էին 2018 թվականի կեսերին և շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբերը։