Նիկոլ Փաշինյանը հանդիպեց խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին

Կանայք հիմնականում պահանջում են, որ իրենց նույնպես տրամադրվի խոշոր չափի փոխհատուցում, ինչպես Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 Հոկտեմբեր — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում ընդունեց խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին ու այրիներին։ Կանայք մեկ ամսվա ընթացքում մի քանի անգամ կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա են կազմակերպել` պահանջելով իրենց նույնպես խոշոր չափի փոխհատուցում տրամադրել։ Պահանջի հիմքում այն է, որ այս տարվա օգոստոսին Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին Փաշինյանի կառավարությունը 30 մլն դրամի փոխհատուցում է տրամադրել, իսկ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքները տարիներ շարունակ ամսական 30 հազար դրամ են ստացել։

ՀՀ իշխանությունները չեն կատարել խոստումը. զոհված զինծառայողների մայրերը կրկին բողոքում են

Հանդիպման ժամանակ վարչապետը նշեց, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների շրջանակները մեծ տեմպերով ընդլայնվում են և 2020թ-ի հունվարից հիմնադրամը վճարումներ կկատարի 1998թ-ից սկսած հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին:

Զոհված զինվորի ընտանիքն այլևս անօթևան չէ. կառավարությունը բնակարան նվիրեց որդեկորույս մորը

«Մենք մեկուկես տարում 19 տարվա հարց ենք լուծել, 19 տարվա շահառուների խնդիրը լուծել ենք: Դա մեզնից աշխատանք է պահանջել, որը մենք կատարել ենք», – ասաց Փաշինյանը։

Հանդիպմանը ներկա ութ սևազգեստ կանանցից հիմնականում ելույթ ունեցավ «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։ Նա ասաց, որ արդար չէ անհավասար վերաբերմունքը Մարտի 1-ի զոհերի և խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների նկատմամբ։

«Հեղափոխություն է եղել, հիմա պետությունը փող ունի, մեր ասածն այն է, որ բոլորին հավասար հատկացումներ տրվեն», – ասաց Խաչատրյանը։

Վարչապետն ի պատասխան վստահեցրեց, որ իր կառավարությունը բոլոր զոհված զինվորների փոխհատուցումների հարցերը կլուծի։

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է զոհված զինծառայողների մայրերին

«Պարզապես պետք է հիշել, որ երկար տարիներ այս հարցերը ընդհանրապես չեն լուծվել։ Մենք մեկուկես տարվա ընթացքում քսան տարվա խնդիր ենք լուծել։ Իմ խնդրանքն է ձեզնից` սպասել ևս մեկուկես տարի, կամ գուցե ավելի քիչ, որ մենք հասցնենք հինգ կամ տասը կամ տասնհինգ տարվա հարցեր լուծել», – ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 9-ին Facebook-ի իր էջում գրառում էր արել, որտեղ նշել էր, որ Զինծառայողների ապահովագրության (1000 դրամների) հիմնադրամը 2020 թվականի հունվարի 1-ից կսկսի աջակցություն ցուցաբերել նաև 1998 թվականի հունվարի 1-ին ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին:

Փաշինյանը հիշեցրել էր, որ նախորդ տարվա դրությամբ հիմնադրամը փոխհատուցում էր միայն 2017 թվականի հունվարի 1-ին ներառյալ և դրանից հետո տեղի ունեցած դեպքերը:

Վարչապետը նշել էր, որ որոշման մանրամասները կհայտարարվի լրացուցիչ։