ՌԱԴԻՈ

Խաչատրյան. «Մեր քաղաքական գործիչներից շատերը մասնագիտական խորհուրդներ չեն լսում»

Քաղաքագետ, քաղաքական PR-ի մասնագետ Էդգար Խաչատրյանը կարծում է, որ Հայաստանի քաղաքական գործիչներից շատերը PR տեխնոլոգի կարիք ունեն։
Sputnik
Խաչատրյան. «Մեր քաղաքական գործիչներից շատերը մասնագիտական խորհուրդներ չեն լսում»

Հայաստանի քաղաքական գործիչները չեն ուզում իմանալ, որ քաղաքական PR մասնագետների և քաղտեխնոլոգների առկայությունը գոնե իրենց շրջապատում, գոնե նրանց խորհուրդների մասով շատ կարևոր է: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Էդգար Խաչատրյանը։

Նրա խոսքով` կան բառեր, հագուստի տեսակներ, ժեստեր, որոնց գոյության մասին մարդը կարող է չիմանալ, ուստի նրան ինչ-որ մեկը պետք է ուղղորդի: Եթե մարդը մեկի հետ հինգ տարի աշխատի, կարող է PR տեխնոլոգի կարիք չունենալ, բայց մեր քաղաքական ներկա գործիչներից շատերի պարագայում դա անհրաժեշտություն է:

«ԱԺ-ում ելույթներ ես լսում, որոնք բերում են շատ զավեշտալի իրավիճակների: Ինչո՞ւ է այդպես, որովհետև այդ մարդիկ մասնագիտական խորհուրդներ չեն լսում և շարժվում են իրենց տեսակետով: Չեն ուզում լսել, օրինակ, ինչպես կարելի է շփվել լրագրողների հետ, ինչ բառեր ու ժեստեր օգտագործել, որպեսզի չհայտնվեն զավեշտալի իրավիճակներում»,- նշում է Խաչատրյանը:

Քաղաքական PR մասնագետի կարծիքով՝ ի վերջո քաղաքականությունը կանխատեսելի է, քաղաքական հարցերը` նույնպես, ու եթե մարդը պատրաստված է, ապա միանշանակ գիտի, թե ինչպես պատասխանի հարցերին:

«Մենք այդ ամենը չունենք, հետևաբար հանդիպում ենք տարբեր իրավիճակների, երբ մարդիկ քննարկում են նախևառաջ այս կամ այն գործչի հագուկապը, արտասանած խոսքը»,– ասում է նա:

Խաչատրյանը նշում է նաև, որ որոշ կուսակցություններում կան այդպիսի մասնագետներ, որոնց հետ հստակ խորհրդակցում են: Նման մասնագետներին դիմում են հիմնականում ընդդիմության ներկայացուցիչները, որոնք գնում են իմիջային փոփոխությունների:

Սուրենյանց․ «Առաջիկայում ուրվագծվելու է այն ուժը, որը հավակնելու է նոր ընդդիմության դերին»